Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է
Օգոստոսի 12-ին ապրիլյան պատերազմում նահատակված հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է։
Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թ-ին։ 2003 թվականին սովորել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 2004 թ-ին տեղափոխվել է նույն քաղաքի Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2012 թ-ին։ Նույն թվականին ընդունվել և 2014 թ-ին գերազանության վկայականով ավարտել է Արմավիրի պետական բժշկական քոլեջը՝ ձեռք բերելով ատամնատեխնիկի մասնագիտություն:
2014 թվականին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը։
2015 թվականի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ, ծառայել ՊԲ N զորամասում՝ որպես սանհրահանգիչ: Ծառայության 14 ամիսների ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ստացել կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում։
Ապրիլյան պատերազմի օրերին՝ ապրիլի 2-ին, Սաշան իր երեք ծառայակից ընկերների և վաշտի հրամանատար Հարություն Նալբանդյանի հետ եղել է 112 մարտական դիրքի ՀԴԿ-ում։
Ծնողներին պատմել են, որ երբ կռիվը սկսվել է, կապիտան Նալբանդյանին դիրքից կանչել են օգնության։ Նախքան հրամանատարը կգնար, Սաշան հարցրել է՝ արդյոք կարելի է իրեն այդ զենքով կրակել, որով մինչ այդ չի կրակել։ Հրամանատարն ասել է՝ «Եթե կարաս, կրակի՛»։
Սաշա Գալստյանը ծնողների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 1-ի գիշերը՝ դիրքեր բարձրանալուց 3 ժամ առաջ։ Նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել ադրբեջանական զինուժի հարձակումը։
Ադամ Սահակյանը կապ հաստատելով հրամանատարի հետ, զեկուցում է, որ հակառակորդը բավականաչափ մոտեցել է և հրամանատարը անցնում է Ադամի դիրք։
Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով 4 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման։
Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ, մեծ կորուստներ է հասցնում և զոհվում է հակառակորդի դիպուկահարի գնդակից։
Մարտական դիրքը պաշտպանելիս թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:
Ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:
Սաշա Գալստյանը 2016 թվականին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» պետական մեդալով, 2016 թվականին՝ ՀՀ «Արիության» պետական մեդալով և «Հայրենիքի պաշտպանության» մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանում հերոսացած տանկիստ Արտակ Պետրոսյանն այսօր կդառնար 23 տարեկան
- Ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 25 տարեկան
- Ապրիլյանի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն
- Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է