Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց թույլ տալ մեկնել ու միանալ իրենց ընտանիքներին
«Մարտի 12-ի առավոտյան Պյատիգորսկից եկել եմ Հայաստան մեկ շաբաթով, մինչև հիմա վերադառնալու հնարավորություն չունենք»,- Կառավարության շենքի դիմաց հայտարարեց ակցիայի մասնակից կանանցից մեկը։
«Ամուսինս կեցության իրավունք ուներ, մարտի 27-ին մեկնել է Պյատիգորսկ, ես իմ երկու երեխաների հետ մնացել եմ այստեղ, երեխաս չորս տարեկան է, հոր կարոտից անընդհատ հիվանդանում է»,- ասաց նա։
Ակցիայի մասնակից ՀՀ քաղաքացիները կառավարության անդամներից պահանջում են թույլ տալ մեկնել Ռուսաստան՝ միանալու այնտեղ մնացած ընտանիքի անդամներին։
Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների ընտանիքները բաժանվել են մասերի, քանի որ արտակարգ դրության հետևանքով չեն կարողանում Հայաստանից դուրս գալ։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում՝ իրենց խնդիրը բարձրաձայնելու ու լուծում տալու համար։
«Թող իրենց տաքուկ ու հարմարավետ անկյուններից դուրս գան ու մեզ լսեն։ Եկել ենք ու մնացել, ոչ աշխատանք ենք կարողանում գտնել, ոչ էլ ապրելու տեղ ունենք։ Մարդիկ միլիոններով վարկեր են կուտակել։ Մի օր ջանիս կհասնի, մի բուռ դեղ կխմեմ ու կմեռնեմ։ Սա ի՞նչ վիճակ է։ Մենք այս երկրի ժողովուրդն ենք, թող մի անգամ էլ փոխզիջման գնան, իրենից ոչ մի լումա չենք պահանջում, թող թույլ տան, գնանք, հասնենք մեր երեխեքին»,- արտասվելով պատմում է մեկ այլ կին։
«Եթե այս հարցը չկարգավորվեց, երեխաները չեն կարողանա դասի էլ գնալ, իսկ ռուսը երբեք չի ասի, հարգելի են բացականները»,- պատմում է մեկ այլ մասնակից։
Մեկ այլ կին պատմում է, մարտի 1-ին եկել է Հայաստան՝ մասնակցելու հոր հուղարկավորությանը, մինչ այսօր չի կարողանում մեկնել։ Անչափահաս երեխաները մնացել են հոր մոտ։