Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
«Արտակարգ իրավիճակի ընթացքում սրվեց Ամուլսարի շուրջ իրավիճակը։ Վստահ եմ դուք քայլ առ քայլ, կադր առ կադր հետևել եք իրադարձություններին։ Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած իրադարձությունների, բախումների և տուժած անձանց համար։ Եվ ո՞վ է պատասխանատու 2018-ի Ամուլսարի հետ կապված իշխանության խոստումների համար»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ փոխվարչապետը նշեց՝ ինքը վստահ չէ, որ քայլ առ քայլ, կամ կադր առ կադր հետևել է բոլոր զարգացումներին.
«Հենց այդ ժամանակահատվածում ես այլ գործով էի զբաղված, որի մասին հիմա բարձրաձայնում եմ։ Ինչ վերաբերում է Ձեր գնահատականներին, Դուք դրանք բարձրաձայնելու իրավունք ունեք։ Կարող եմ ասել միայն, որ այսօրվա որոշմամբ հանվել են հավաքներ անցկացնելու սահմանափակումները։ Մարդիկ արդեն կարող են կանոնների պահպանմամբ ակցիաներ կազմակերպել»։
Անի Սամսոնյանն էլ արձագանքեց. «Եթե Դուք ժամանակ չունեիք իրադարձություններին հետևելու, կարծում եմ, որ լավ կլիներ՝ Կառավարությունն այնտեղ ունենար մեկ ներկայացուցիչ, որը նաև կպատասխաներ մարդկանց հարցերին։ Այս իրավիճակում մարդկանց թողնել մենակ և անհաղորդ այս իրավիճակին ու խնդիրներին, ճիշտ չէ։ Գիտեք նաև, որ Ամուլսարի պաշտպանները բարձրացրել են մի շարք հարցեր, օրինակ՝ ՇՄԱԳ-ը հետ կանչելու»։
Տիգրան Ավինյանն էլ ի պատասխան նշեց, որ ինքը խոստումների մասով կարող է ասել այն, որ եթե Կառավարությունը որևէ խոստում է տվել, որը չի իրականացրել, ապա շատ ավելի հասցեական պետք է դա ասել։
«Ես նման որևէ խոստում չեմ հիշում, որ մենք տվել ենք ու չենք պահել։ Ամուլսարի հետ կապված խնդիրը բազում շերտեր ունի։ Կարծում եմ՝ մեր նախկին հայտարարությունը՝ կապված Ամուլսարի հետ, ուժի մեջ է։ Ինչ վերաբերում է ՇՄԱԳ-ը հետ կանչելուն, ապա պետք է համապատասխան մարմնին դիմել»,- շեշտեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Կոստանյանը՝ իշխանություններին. Եվ վերջապես լուծում տվե՛ք Ամուլսարի հարցին
- Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները բացի հանրայինից անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան
- ՔՈ պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը
- Ձևավորել է փաստաբանների խումբ՝ Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներին օգնություն տրամադրելու համար
- Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ