Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Մեսրոպ Մակյանը։
Գործով մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը նշեց, որ սույն գործով, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2016 թվականի հուլիսի երկուսին Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Համբարյանի և Գարեգին Չուգասզյանի կողմից Երևան քաղաքում անցկացրած համատեղ ասուլիսի ժամանակ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի։
Նա նշել է, որ ժողովուրդը կարող է զենք վերցնել և ֆիզիկապես ոչնչացնել այն իշխանավորներին, որոնք այդ ժամանակ ծրագրավորված ձևով ժողովրդին տանում են ցեղասպանության, հայրենազրկության։
«Դա միջազգային կարգով ժողովրդին տրվող բացառիկ իրավունք է։ Դա կյանքի իրավունք է, բնական իրավունք է»,- ասել է Վարուժան Ավետիսյանը։
Դատախազի խոսքով, զինված ապստամբություն իրականացնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ են հանդես եկել նաև Պավել Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը և Արմեն Համբարյանը։
«Նշվածը հիմնավորվում է «Յութուբ» հրապարակային կայքում հրապարակված տեսանյութով և դրա արձանագրությամբ։ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և այլք որոշել են զավթել ու պահել Երևան քաղաքի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահակակետային գնդի վարչական շենքերը, շինությունները և ոստիկանական տրանսպորտի միջոցները։ Ինչպես նաև, նրանք պետությանը հարկադրել են ՔԿՀ-ներից ազատել Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց»,- ներկայացրեց դատախազը։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: