«Սարտեքս»-ում լարված իրավիճակ է
«Սարտեքս» ձեռնարկությունում, որը գարնանը կորոնավիրուսի ամենամեծ օջախներից մեկն էր դարձել, այսօր լարված իրավիճակ է ստեղծվել։ Panorama.am-ի խմբագրություն դիմած աշխատակիցներն իրենց խաբված են զգում, պատմեցին, որ աշխատել են արտաժամյա, ոչ աշխատանքային օրերին, սակայն ձեռնարկության տնօրեն Սուրեն Մկրտումյանը հրաժարվում է վճարել դրա դիմաց։
«Անցած տարվա սեպտեմբերին աշխատանքի ենք ընդունվել 70 հազար դրամ աշխատավարձով։ Մեզ ասացին, աշխատավարձը կդառնա 100 հազար դրամ, կլինեն պարգևավճարներ, բոնուսներ։ Բայց մինչև էսօր աշխատավարձը չի ավելացել, այն դեպքում, երբ աշխատել ենք նույնիսկ արտաժամյա, ոչ աշխատանքային օրերին, օրինակ ապրիլի 24-ին։ Անցած ուրբաթ օրը աշխատակիցներ են եղել, որ մնացել են մինչև ժամը 23-ը, էդ ընթացքում նրանց տվել են մի հատ լահմաջո, մի հատ պեռաշկի»,-պատմում է աշխատակիցներից մեկը։
Աշխատավարձից դժգոհ աշխատակիցների բողոքին տնօրենը, ըստ խմբագրություն զանգահարած քաղաքացիների, արձագանքել է այսպես. «Արա՛, կամ աշխատեք, կամ դիմում գրեք ու գնացեք»։
Տնօրենի խոսքին հակադարձած մի կին աշխատակցի դուրս հանելու համար հրավիրել են «ախրանիկներին» ու հրահանգել, որ հանկարծ չթողնեն վաղը ձեռնարկության տարածք մտնի։
«Մեզ ստիպում են՝ եկեք դիմում գրեք, գնացեք, ուզում եք աշխատեք, չեք ուզում, մի աշխատեք։ Ասում է՝ ես էս ապրանքը կուղարկեմ Կիրովական՝ «Գլորիա»-ում կկարեն, կուղարկեն։ Ասում է՝ հնարավոր է, դուք հաջորդ ամիս զրո դրամ ստանք, քանի որ պլանը չեք տալիս»,- պատմեց խմբագրություն զանգահարած աշխատակիցներից մեկը։
Նրանք նշում են, որ ուշացում եղել է, բայց ոչ իրենց պատճառով։
«Ամեն անգամ նոր տեխնոլոգ են բերում, ամեն մեկն իր գծագիրն է տալիս, իր ձևն է թելադրում։ Մենք կարում ենք բրենդային կուրտկաներ՝ «Մոկլեր», «Մաքս Մառա»... Ասում ենք՝ 70 հազարով ո՞նց մեր ընտանիքը պահենք, ասում է՝ ես պարտավո՞ր եմ քո ընտանիքը պահել»,- շարունակում են խնդիրը ներկայացնել աշխատակիցները։
Ձեռնարկության տնօրեն Սուրեն Մկրտումյանը հերքում է, որ լարված իրավիճակ է, սուտ է որակում աշխատակիցների ասածները։ Նրա խոսքով, ըստ պայմանգրի, նրանք պարտավորված են աշխատել նաև շաբաթ օրերը։
«Չկա ըտենց բան, ստում են։ Ոչ մի խնդիր չկա։ Գործ չեն տալիս, փողից դժգոհ են, մտածում են՝ 500 հազար փող պիտի ստանան։ Եթե դժգոհ են, թող օրինական ճանապարհով գնան»,- ասաց Մկրտումյանն ու այլ հարցերի չպատասխանեց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան