Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլատրել մինչև 60 հոգանոց հարսանիք և «ուտուշ-խմուշ» կազմակերպել
«Հարսանիք է, թե ուտուշ-խմուշ, սահմանափակումը պետք է հասցնել մինչև 60 հոգի. մարդիկ ամուսնանում են»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ դիմելով պարետ Տիգրան Ավինյանին։
Նրա խոսքով, հայերը սպեցիֆիկ ժողովուրդ են, և իրենց հարսանյաց արարողությունները հնարավորինս մեծ մասշտաբով են անցնում։
«Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, բայց հարսանիք չեն կարողանում անել։ Այս դեպքում իրենց հնարավորություն կտանք ամուսնանալու։ Եվ երկրորդ, որ ասում եք՝ բաց տարածքներում... Հայաստանը մենակ Երևան չի, է, մարզերում երեկոյան ցուրտ է, կարելի է նաև միջոցառումներտ փակ տարածություններում անել, կան մեծ տարածքներ՝ 500-600 քմ տարածքով դահլիճներ։ Թող թույլատրվի 60 հոգանոց հարսանիքներն անել փակ դահլիճներում»,- նշեց նա։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ հետագա փոփոխությունները կապված են լինելու հակահամաճարակային վիճակի հետ։
«Եթե մենք դրական տենդենցը պահենք, ապա գուցե հաջորդ քայլով մեղմացումներն ավելի մեծ լինեն, քան Ձեր նախանշածը։ Երբ դեպքերի թիվը նվազի, այդ հնարավորությունները կքննարկենք։ Իրավիճակը համեմատաբար է մեղմվել, բայց դեռ որոշակի սահմանափակումներ պետք է լինեն։ Պետք է փուլ առ փուլ իրականացնենք սահմանափակումների վերացումը։ Առավել մեծ ծավալով մեղմացումներ են լինելու, բայց հակահամաճարակային վիճակի բարելավումից հետո»,- նշեց փոխվարչապետը։
Սասուն Միքայելյանն էլ հակադարձեց. «Ես չեմ հասկանում՝ 40-ի ու 60-ի մեջ ի՞նչ տարբերություն կա։ Մարդիկ կան՝ նշանվել են, ուզում են հարսանիք անել։ 60-ի դեպքում կարող են մարդիկ տեղավորվել՝ բարեկամ է, հարազատ է... Իսկ հետագայում կլինի 80 թե 100, դա հետագայի խնդիր է»։
Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախնական առաջարկով մինչև 30 հոգանոց միջոցառումներ թույլատրել էր որոշվել։
«Ինչ վերաբերում է հարսանիքներին, ապա այժմ դրանք պետք է անցնեն նեղ ընտանեկան միջավայրում»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կվերացվի անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պահանջը, գրադարաններն ու թանգարանները կբացվեն. պարետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան