Սկսվել են «Արջերի» քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց Ձորի մարզում գտնվող «Արջերի» քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները։
Հիմնադրամից հայտնում են, որ մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնէոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն։
«Ուշագրավ է, որ փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (250000-35000 տարի), ինչի մասին են վկայում նաև գտնված մի քանի միջին հին քարեդարյան գործիքները։
Աշխատանքների ընթացքում փաստագրվել է նաև մեծ քանակությամբ կենդանական ոսկորների մնացորդներ, բավական շատ մոխրաշերտ»,- մանրամասնում են հիմնադրամից։