Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը
Երեկ՝ օգոստոսի 12-ին Փարիզի Ժաննա դ'Արկի հուշարձանի մոտ հայտնվել են «Ազատություն Բելառուսին» կոչը (Free Belarus) և սպիտակ-կարմիր-սպիտակ գույներով կտորը, որը Բելառուսի Հանրապետության նախկին պետական դրոշն է հիշեցնում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
Սպիտակ թղթի վրա սև տառերով գրությունը փակցված է հուշարձանի քարե հիմքի վրա, իսկ դրոշը ֆրանսիացի հերոսուհու գլխավերևում է:
Ժաննա դ'Արկի հուշարձանը տեղադրված է Փարիզի Place des Pyramids հրապարակում` Թյուիլրի պարտեզից և Լուվրի թանգարանից ոչ հեռու:
Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բողոքի ցույցերի ալիք էր բարձրացել: Ըստ ԿԸՀ-ի` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.08 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան` 10.09 տոկոսը:
Ընտրատեղամասերի փակումից հետո քաղաքացիները, քվեարկության կազմակերպումից և արդյունքներից դժգոհ, դուրս եկան փողոց: Զանգվածային չարտոնված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն հինգ օր:
Ցուցարարների դեմ իրավապահներն արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ են կիրառում: Ինչպես հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունից, անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել. նա փորձել է պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Անցած գիշեր Բելառուսում եղած բողոքի ցույցերից հետո ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
- Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ
- Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ