Ակցիա. «Լուծեք Եկմալյան 4-16 բնակարանների հարցը»
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում Եկմալյան փողոցի նախկին բնակիչները, որոնց տներն օտարվել են հանրային գերակա շահի համար։
«Ամեն անգամ մեզ ասում են՝ ձեր հարցը կներառենք կառավարության նիստում։ Ամեն անգամ ոչինչ չեն անում։ Քաղաքապետարանը մեզ ուղարկում է Նիկոլ Փաշինյանի մոտ, որ հարցը լուծի, Նիկոլ Փաշինյանն ուղարկում է քաղաքապետարան»,-ասում է ակցիայի մասնակից մի կին։
Նրա խոսքով, 2007-ից հետո տներից զրկված բնակիչների մի մասը քնում է, ուր պատահի, մի քանիսը վարձով են ապրում, մյուսներն էլ գույքը կորցնելու հետևանքով նյարդային ու այլ հիվանդություններ են ձեռք բերել։
Ակցիայի մասնակիցները պատմում են, որ իրենց տների տեղում պետք է բազմաբնակարան շենք կառուցվեր, սակայն շենքի կառուցումը կասեցված է ինչ-ինչ խնդիրների պատճառով։
«Պետության կարիքների համար մեզ ստիպողաբար մեր տներից հանել են, 15 տարի է՝ սպասում ենք, որ մեզ կփոխհատուցեն։ Իշխանությունները փոխվեցին, ուրախացանք, որ հեղափոխությունից հետո արդարությունը կհաղթի։ Սպասում ենք, որ մեկը կհասկանա մեր խնդիրը, մեկը կզբաղվի մեր խնդրով, բայց ոչինչ չի փոխվել»,-ասում է ակցիայի մեկ այլ մասնակից։
Նրա խոսքով, իրենց տների տարածքում ազատ տեղ կա, սակայն թույլ չեն տալիս նոր տուն կառուցել, ոչ բնակվելու տեղ են տալիս, ոչ էլ վարձը։
«Ոչ ողորմություն ենք խնդրում էչ էլ։ Մեր տները քանդել են պետության կարիքների համար, հիմա խնդրում ենք փոխհատուցում։ Ամեն հինգշաբթի գալիս ենք, խնդրում ենք հանդիպում Փաշինյանի հետ, մեր խնդիրը, առաջարկները ներկայացնենք, խնդիրը լուծվի։ Գալիս ենք այստեղ՝ սկսում են՝ հեռու կանգնեք, դիմակ կրեք, մեկը չի գալիս հարցնի՝ բա դու որտե՞ղ ես քնում, ո՞նց ես ապրում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ տեղյակ չէ, թե այս հարցով ինչ քննարկումներ են կատարվում։
Հարակից հրապարակումներ`
- Եկմալյան փողոցի տնազրկված բնակիչները բողոքում են՝ գնդակ են դարձել քաղաքապետի ու վարչապետի միջև
- Եկմալյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
- Եկմալյան փողոցի բնակիչներ. Մատնված ենք անտարբերության