Միքայել Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատել է օրակարգը, որտեղ ընդգրկված էր երկու հարց:
Առաջին հարցը վերաբերում էր բուհի կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև քարտուղարի ընտրությանը:
ԵՊԲՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից առաջարկվեց մեկ թեկնածու՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը:
ԵՊԲՀ կառավարման մարմնի 31 անդամները բաց քվեարկության արդյունքում Միքայել Ադամյանին միաձայն ընտրել են ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի քարտուղարի աշխատանքը կշարունակի իրականացնել ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի ասիստենտ և ուսումնական մասի պատասխանատու, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:
Աղբյուրը հիշեցում է, որ օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետի կողմից հաստատվել էր բուհերի հոգաբարձուների խորհրդի նոր կազմերը, այդ թվում՝ ԵՊԲՀ-ին: