24-րդ միջոցառմամբ աջակցություն կտրամադրվի խաղողագործներին, գինեգործներին և կոնյակագործներին
«Առաջարկում ենք աջակցություն ցուցաբերվել խաղողագործներին, գինեգործներին ու կոնյակագործներին»,- այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 24-րդ միջոցառումը։
Նրա խոսքով, ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին արտահանման շուկաներում կորոնավիրուսի տարածումը ուղղակի ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների արդյունքների վրա:
«Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է վաճառքների ծավալների վրա: Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ թե՛ արտահանման թվերի, և թե՛ ներքին շուկայում իրացման ծավալները ավելի քան 30 տոկոսով անկում են արձանագրել, որոշ կազմակերպությունների մոտ ավելի մեծ անկումներ են արձանագրել: Այս ամենը ազդեցություն է թողել կազմակերպությունների վրա երկու առումով՝ առաջին՝ նվազել են ընթացիկ դրամական եկամուտները, որովհետև նվազել է վաճառքը, և երկրորդ՝ այդ ոլորտում գործունեության պայմանների վատացման հետևանքով բանկերն ավելի զգուշավոր են և դժվարությամբ են վարկավորում:
Այդ երկու գործոններն առաջացնում են կազմակերպությունների մոտ ֆինանսական միջոցների որոշակի դեֆիցիտ, և դա այն ժամանակահատվածում, երբ առջևում խաղողի մթերումներն են, իսկ այս տարի խաղողի բերքը ավելի բարձր է լինելու նախորդ մի քանի տարիների համեմատ»,- նշեց նախարարը:
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ըստ նախագծի, խաղող մթերող, կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրվելու են սուբսիդավորվող վարկեր, կառավարությունը ամբողջությամբ կսուբսիդավորի տոկոսները։
Օժանդակության տրամադրման ձևերը և դրանց պայմանները հետևյալն են՝
• վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,
• յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը,
• վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ,
• վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 3 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիս։
Նախարարը նշեց, որ 2019 թվականին այս կազմակերպույունների մի մասը վարկեր է ստացել, որոնց վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են։
«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի տարածման հատկապես սկզբնական շրջանում առևտրային բանկերի մեծամասնությունը, ընդառաջ գնալով իր գործընկեր կազմակերպություններին, 3-4 ամսով հետաձգել է մայր գումարների գանձումը։ Այդ ժամանակահատվածն ընկել է աշնան ամիսների վրա։ Եվ մենք այժմ առաջարկում ենք, որպեսզի խաղողագործությամբ, կոնյակագործությամբ և գինեգործությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրված վարկերի մարման ժամկետը սեպտեմբերից տեղափոխել դեկտեմբեր»,- ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այն կազմակերպությունները, որոնք մինչև այս տարեվերջ իրենց արտադրական հզորությունները կվերադասավորեն, այդ թվում նաև պահեստային տնտեսությանը վերաբերող՝ պահպանման տարաների և տեխնոլոգիական սարքավորումների առնչությամբ, լիզինգի 450 մլն դրամ սահմանաչափը կսահմանվի 1 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան