«Յուղոտ վերնագիր»՝ մանկատան 163 շրջանավարտներ բնակարաններ կստանան
«Ամբողջությամբ կլուծվի 1991- 2019 թվականների մանկատան շրջանավարտների բնակարանների խնդիրը»,- ասօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները նվիրաբերելու մասին հարցը։
Նրա խոսքով, նախագծով առաջարկվում է «2003 և 2015 թվականների ընթացքում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին։
«Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով՝ 10 տարի ժամկետով։ Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության։ Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել, և նրանցից 3-ի զբաղեցրած շենքերի նախնական վիճակը՝ համաձայն քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների, դեռևս 2003-04 թվականների, այսինքն՝ մինչ պայմանագրի կնքումը, գնահատվել է երրորդ աստիճանի վնասվածության։ Ուստի նախագծով առաջարկվում է այս շահառուներին տրամադրել բնակարանի գնման վկայագիր, պայմանով, որ կհանձնեն նախկինում իրենց հատկացված տարածքը»,- ներկայացրեց Զ. Բաթոյանը։
Նա նշեց, որ հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար 2019 թվականին մեկնարկել է բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը։ Արդյունքում՝ շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան սեփականության իրավունքով.
«Այսպիսով, նույն իրավիճակով անձինք հայտնվեցին անհավասար պայմաններում։ Իսկ այս դեպքում, այս նախագծի ընդումնամբ կվերանա այդ անհավասարությունը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինքը ճի՞շտ է հասկանում, որ այսպիսով, մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր այն շրջանավարտներին, որոնք չունեն բնակարան, մենք տրամադրում ենք բնակարան.
«Այսինքն՝ մի մասը վարձակալությամբ տրամադրված էին, ժամկետը լրանում էր։ Այսպիսով, մենք նրանց բնակարանով ապահովվում ենք»։
Ի պատասխան, նախարարը նշեց՝ այո։
«Ցավոք ներանք տարբեր խմբերի էին բաժանվում, այսինքն՝ տարբեր կարգավորումներով էր լուծվել խնդիրը։ Կոնկրետ այս խմբի դեպքում բնակարանները հատկացվել էին պարզապես ապրելու իրավունքով։ Իսկ այս որոշմամբ մենք նաև լուծում ենք արդեն բնակարան ստացած, բայց այն չսեփականացրած անձանց հարցը»,- ասաց Զարուհի Բաթոյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ Կառավարության որոշմամբ նաև բնակարան կտրամադրվի մանկատան սաներին, որոնք ապրել են մանկատանը, բայց շրջանավարտ չեն դարձել. «Օրինակ, մանկատան կարգավիճակը փոխելու արդյունքում իրենք չէին հանդիսանում շահառու»։
Վարչապետ Փաշինյանն էլ շեշտեց՝ պետության խնդիրը պետք է լինի ոչ թե մանկատան սաներին բնակարաններ նվիրելը, այլ նրանց այնպիսի կրթություն տալը, որ ավարտելուց հետո երկու տարի նրանց անհատույց բնակարան տրամադրվի, ապա նրանք կարողանան իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերել.
«Բնակարան տալը լավ է հնչում, յուղոտ վերնագիր է, բայց դրանով հարց չի լուծվում»։
Հարակից հրապարակումներ`
- Մանկատան 130 սանի մերժել են բնակարանի գնման վկայագիր տրամադրել
- Մանկատան 300 շրջանավարտների համար բնակարան ձեռք կբերվի. Բաթոյան