Թուրքիան Իսրայելի հետ համաձայնության գալու ԱՄԷ-ի որոշումը կեղծավոր է համարում
Թուրքիայի արտգործնախարարության կարծիքով, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) որոշումը՝ Իսրայելի հետ երկկողմ հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ, կեղծավոր է: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Տարածաշրջանի ժողովուրդների պատմությունն ու խիղճը չեն մոռանա և երբեք չեն ների ԱՄԷ-ի այս կեղծավոր արարքը, որը դավաճանում է պաղեստինյան գործին՝ հանուն իրենց նեղ շահերի, և փորձում է այն ներկայացնել որպես անձնազոհ քայլ», - ընդգծվում է տարածված հաղորդագրությունում։
Արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ ԱՄԷ ղեկավարությունն իրավունք չունի Պաղեստինի անունից բանակցություններ վարել Իսրայելի հետ, և զիջումների գնալ Պաղեստինի և նրա ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ։
Անկարան ԱՄԷ-ին մեղադրել է նաև ԱՄՆ-ի գաղտնի պլան կատարելու մեջ, ինչն անտեսում է Պաղեստինի կամքը։