Սոֆիա Հովսեփյան. Ո՞վ պետք է վճարի մի քանի անգամ շատ աշխատող ուսուցչին
«Ինչպե՞ս պետք է վճարվեն ուսուցիչները, եթե ասում են, որ դասարանները պետք է բաժանվեն 10-15 հոգանոց խմբերի»,- ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ բազմաթիվ անպատասխան հարցերի, մտահոգությունների ու անորոշությունների մասին այսօր հրավիրված օնլայն քննակման ժամանակ բարձրաձանում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովեսփյանը։
Նա ընդգծում է, այդ պարագայում դասերը պետք է լինեն 2-3 հերթով, ուսուցիների ծանրաբեռնվածությունն ավելանալու է մի քանի անգամ։ Ստեղծված իրավիճակում կամ ուսուցիչները պետք է ունենան 24-ժամյա ծանրաբեռնվածություն կամ հավելյալ ուսուցիչներ պետք է ներգրավվել դասապրոցեսի կազմակերպման համար։ Այստեղ էլ հարց է առաջանում՝ ունե՞նք ուսուցիչների նման բազա, կամ ո՞վ պետք է վճարի մի քանի անգամ շատ աշխատող ուսուցչին, ի՞նչ միջոցների հաշվին։
«Ես բարձրաձայնել եմ, օրինակ, ինչպե՞ս պետք է կազմակերպվի կրթությունն այն դպրոցներում, որոնք ունեն 700-ից ավելի ու մինչև 1000-1500 աշակերտ»,- ասաց իշխող ուժի ներկայացուցիչը։
Օրենսդիր մարմնի ներկայացուցչի խոսքով, քիչ աշակերտներ ունեցող գյուղական դպրոցները տարիներ շարունակ անուշադրության են մատնված, այսօր էլ դրանք չունեն ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանան ապահովել ախտահանման ու այլ պահանջներ։
«Ախտահանման, հիգիենայի պահպանման առումով հենց այս դպրոցներն են խոցելի դառնում։ Եթե պետությունն ամբողջությամբ այդ բեռը չի վերցնում իր վրա, ապա հիգիենիկ պայմանների ապահովվումն ու ախտահանումը պետք է կատարվի կամ ուսուցիչների, կամ ծնողների, կամ էլ տնօրենի գրպանի հաշվին։ Սրանք խնդիրներ են, որոնք քննարկված չեն»,- ասաց Հովսեփյանն ու ցավ հայտնեց, որ այս քննարկման էլ նախարարությունից որևէ մեկը չի մասնակցում։
Նա ընդգծեց, որ այս հարցերին ու խնդիրներին պետք է լուծում տրվեր մինչև պարետի որոշումը։
«Եթե չի եղել, ապա պետք է հենց այս պահին հավելյալ մեծ ֆինանսավորում տրամադրվի, հակառակ դեպքում մենք կունենանք ավելի լուրջ խնդիր, քան հեռավար կրթության ժամանակ էր»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերոբ Խաչատրյան. Ավելի տեղյակ ենք, թե ինչպես են բացվելու Շոտլանդիայի դպրոցները, քան Հայաստանի
- Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն