Աջակցության 24-րդ ծրագիր. ո՞ւմ և ի՞նչ պայմաններով կտրամադրվի անտոկոս վարկ
«Թիրախավորել ենք խաղողի մթերումների ժամանակահատվածում կազմակերpություններին, և դրանց միջոցով մեր ֆերմերային տնտեսություններին օգնություն տրամադրելու հարցը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից երեկ հաստատված աջակցության 24-րդ միջոցառմանը։
Նրա խոսքով, չնայած աջակցությունը ուղղված է գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին, այնուամենայնիվ, աջակցության առանձնահատուկ պայմանն այն է, որ գումարները ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշվեհամարներին ստանում են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին։
«Այսինքն՝ յուրաքանչյուր վաճառքի դեպքում, որպեսզի կազմակերպությունն իր ֆինանսական վիճակի պատճառով չուշացնի վճարումները, Կառավարությունն անտոկոս վարկային միջոցներ կհատկացնի, որոնք կազմակերպության կողմից կօգտագործվեն մթերված խաղողի համար ֆերմերային տնտեսություններին վճարելու համար։ Այնուհետև, կազմակերպությունը երկու տարիների ընթացքում այդ վարկային միջոցները կվերադարձնի Կառավարությանը»,- ներկայացրեց նախարարը։
Ըստ Տիգրան Խաչատրյանի, այս տարին նախորդ տարիներից տարբերվում է նրանով, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով գինի և կոնյակ արտադրող և վաճառող կազմակերպությունները թե՛ ներքին, և թե՛ արտահանման շուկաներում ունեն վաճառի ծավալների զգալի կրճատում։ Այդ վաճառքները կրճատված են առավել քան 30%-ով։
«Երբ վաճառքի ծավալները կրճատվում են, դա մի կողմից հանգեցնում է նրան, որ կրճատվում են կազմակերպությունների դրամական եկամուտները, իսկ մյուս կողմից՝ բանկային համակարգն է ավելի զգուշավոր դառնում այդ կազմակերպությունների վարկավորելու հարցում։ Եվ այստեղ է, որ Կառավարությունն, արտոնյալ վարկեր տրամադրելով, նպատակ ունի բոլոր կազմակերպություններին ապահովել բավարար միջոցներով, որպեսզի վերջիններս կարողանան ամբողջությամբ վճարել մթերված խաղողի համար»,- ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կոնյակ, կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունները որոշակի քանակը գերազանցող արտադրանքի արտահանման դեպքում վճարում էին որոշակի գումար, սակայն այժմ, մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում այդ տուրքի գումարները վճարումից հետո մի քանի որվա ընթացքում կվերադարձվեն նույն կազմակերպություններին, որպեսզի նրանք այդ գումարներն օգտագործեն իրենց բնականոն գործունեությունը ծավալելու համար։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախորդ տարի տրված վարկերի մարման համար, որոնց ամբողջական մարման վերջնաժամկետը հոկտեմբեր ամիսն է, երեք ամսով երկարաձգվում է դրանց սուբսիդավորման արտոնյալ ժամանակահատվածը՝ հոկտեմբերից տեղափոխվելով դեպի դեկտեմբեր.
«Շատ կարևոր է նաև այն, որ մենք հնարավորություն ենք տալիս կազմակերպություններին արտոնյալ պայմաններով վերազինվել և ձեռք բերել տեխնիկա և միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրենց գործունեությունը ծավալելու համար։ Այն կազմակերպությունները, որոնք կորոշեն մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը վերազինել իրենց տեխնիկական հնարավորությունները, ապա նրանց մինչև 1 մլրդ դրամ գումար կտրամադրվի»։