Ու՞ր են այդ լիբերալները, ինչու՞ չեն պաշտպանում մասնավոր բիզնեսի շահերը․Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ՀԴՄ տպելու մասին կոչին։
«Վարչապետի՝ գործարարներին ուղղված երեկվա կշտամբանքը ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի։ Կրկնակի զարմանալի է, որ իրենց լիբերալ կամ նեոլիբերալ հռչակող քաղաքական ուժերը, գործիչները և մասնագետները չփորձեցին պաշտպանել գործարարներին, երբ այդ նույն մարդիկ տարիներ շարունակ հայտարարում են՝ եկեք ամեն ինչ տանք մասնավորին, քանի որ նրանք առավել լավ են կառավարում։
Հիմա հարց է առաջանում, թե ու՞ր են այդ լիբերալները, ինչու՞ չեն պաշտպանում մասնավոր բիզնեսի շահերը։ Նման իրավիճակներում ևս մեկ անգամ երևում է մեր լիբերալների կեղծ և վախկոտ լինելը, և ըստ էության՝ 30 տարվա ընթացքում մեր երկրում վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականության արդյունքում ձևավորվել, զարգացել և պահպանվում է մենաշնորհային տնտեսությունը, որը մշտապես ծառայել և ծառայում է գործող իշխանություններին։
Իսկ իշխանությունները գործնականում ձևացրել են, որ հետաքրքրված են փոքր և միջին բիզնեսի կայացմամբ և զարգացմամբ։ Հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես գործող իշխանությունը նախորդ տարիների արդյունքները վերագրեցին իրեն, իսկ այս տարվա անկման (-4,7 տոկոս) և հարկերի թերահավաքագրման (-135 մլրդ ՀՀ դրամ) համար «մեղավոր» նշանակեց գործարարներին:
Եվ առհասարակ ՀԴՄ (Cash register device) կտրոններով տնտեսական հեղափոխություն չի լինի։
Անդրադառնալով ՀԴՄ կտրոն չտրամադրելուն, հարկ է արձանագրել հետևյալը․
նախ, 2019 թվականի հունվար 1-ից բոլոր տնտեսվարողների, այդ թվում՝ փոքր բիզնեսի համար պարտադիր դարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների օգտագործումը։ Չնայած այն հանգամանքին, որ ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ը չուներ այդքան նոր սերնդի ՀԴՄ-ներ, 12000-ից ավել տնտեսվարողներից հավաքագրվեց 10000-ական դրամներ։
Միաժամանակ կառավարությունը որոշեց, որ ազատականացնում է դաշտը, և մասնավոր կազմակերպություններից ևս հնարավոր կլինի ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ։
Եթե գործող բիզնեսները կարող էին, նախքան նոր սերնդի ՀԴՄ-ները ստանալը աշխատել հներով, ապա նոր բացվող բիզնեսները ստիպված էին աշխատել առանց ՀԴՄ, քանի որ հին ՀԴՄ-ները չէին կարող գրանցել, իսկ նորերն էլ շուկայում չկային կամ ուղղակի շատ թանկ էին։
Արդյունքում՝ կառավարության շտապողականության և սխալ պլանավորման արդյունքում 2019 թվականի ընթացքում հազարավոր կազմակերպություններ գործունեություն ծավալեցին առանց ՀԴՄ-ների։ Տրամաբանական հարց է առաջանում, ո՞վ է պատասխանատվություն կրելու այս ամենի համար։ Ի դեպ, մինչև հիմա դեռ ամբողջությամբ չի լուծվել նոր սերնդի ՀԴՄ-ների մատակարարման և մատչելիության հարցերը։
Մասնավորապես՝ ներկայումս լավագույն դեպքում հնարավոր է 134․000 ՀՀ դրամով ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ, մինչդեռ 2016-2017 թվականներին կառավարության աջակցության շնորհիվ դրանց գինը 80․000 ՀՀ դրամ էր։
Իսկ ինչ վերաբերում է պոպուլիստական այն հայտարարություններին, որ ՀԴՄ չխփող գործարարները զինվորի հաց գողացողներն են, ապա հարցը արժե դիտարկել իրավական և բարոյական տեսանկյունից։
Իրավական տեսանկյունից․ անձը, կազմակերպությունը իր կատարած սխալի (զանցանքի) համար, օրենքով սահմանված կարգով, միայն մեկ պատիժ կարող է կրել։ Օրինակ՝ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտպագրելու համար 180․000 ՀՀ դրամ տուգանք է նախատեսված, և բացի այդ պատժից, ոչ ոք, այդ թվում՝ վարչապետը իրավունք չունի անվանարկել, պիտակավորել գործարարին և հանրայնացնել նրա սխալը, քանի որ դրա արդյունքում կարող է այդ բիզնեսը ուղղակի դադարել, մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը։
Բարոյական տեսանկյունից․ Այո, սխավել կարող են բոլորը, բայց միայն թույլերն են ընկածին խփում։ Մեր օրերում փոքր և միջին բիզնեսի համար 180․000 ՀՀ դրամի տուգանքը արդեն իսկ մեծ պատիժ է, իսկ գյուղի խանութի համար՝ փակվելու դատավճիռ։
Բիզնեսով ցանկանում են զբաղվել շատերը, բայց քչերն են հաջողում։ Ցանկացած գործարար ռիսկի է դնում իր ունեցածը՝ իր անունը և գույքը, հետևաբար պետք է ողջունել և օգնել ստեղծարար ձեռներեցությունը, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով թիրախավորել»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան