Նաիրա Զոհրաբյան. Եթե կա մարդ, ով մեսչյանական ճոպանուղիով Մասիվից իջել է Կենտրոն համայնք, ասեք
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը, որ 2018-ին առաջադրված էր որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, անդրադառնալով մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատվելուն, գրում է.
«Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ»
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո սոցմեդիայում մի անհասկանալի երաժշտական ընդմիջում սկսվեց։ Բոլորը, որպես «истинный» ֆեյսբուքցիներ, իրենց պարտքը համարեցին հրաժեշտի լալահառաչ մակագրություններով տեղադրել Մեսչյանի երգերն ու օրվա թրենդին համապատասխան՝ հատկապես՝ «Ուր էիր Աստված», երգը։
Թե բա, էս ո՞ւր ես Աստված ջան, որ սենց մարդը հրաժարական ա տալիս ու դու ձեն չես հանում։
Գուցե Արթուր Մեսչյանը լավ մարդ է, գուցե նա նաև լավ ճարտարապետ է։ Ես չգիտեմ, բայց պրոֆեսիոնալների հետ չեմ վիճում։
Սակայն, ես որպես ՀՀ քաղաքացի ու նաև որպես Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, ում թիմը Երևանը ապրելու համար առավել հարմարավետ քաղաք դարձնելու լուրջ ծրագիր էր ներկայացրել, և ոչ միայն սլայդներով ու պլպստան բրոշյուրներով, այլև երևանցու սեղանին էինք դրել կոնկրետ ներդրողների հետ կոնկրետ ժամանակացույցով պայմանավորվածություններ՝ քաղաքի աղբահանության, էլեկտրական տրանսպորտի, մահվան վերելակների, քաղաքի կանաչապատման ու բազմաթիվ այլ իրատեսական ծրագրեր, որոնց տակ կոնկրետ գումարներ էին դրված, շատ մեծ գումարներ։ Ու ահա ես ուզում եմ խիստ առարկայական, առանց էմոցիաների և՝ «ուր էիր Աստված կանչելու», Արթուր Մեսչյանին մի քանի թեթև հարց տալ։
Հարգարժան բարդ ու հարգարժան ճարտարապետ, երևանցին մերժեց Երևանը մաքուր, լուսավոր կանաչապատ, անաղբ դարձնելու մեր ծրագիրը, որովհետև «դմբ-դմբ-հու»- ի աղմուկը էն ժամանակ խլացրեց ցանկացած բանական միտք։
Հետո եկաք դուք ու միանգամից մի քանի խոշորածավալ ծրագիր շփփացրեցիք. մեկը՝ մինչև 2019-ի վերջը ավարտին հասցնել Աջափնյակի նոր մետրոյի երկու կայարանի նախագծման աշխատանքներն ու սկսել շինարարությունը, ու էլի մինչև 2019-ի վերջը պիտի սկսվեին 32 տեղանոց նոր ճոպանուղու շինաշխատանքները, որը որպես քաղաքային տրանսպորտի տեսակ, Մասիվը պիտի կապեր Կենտրոնին։
Հա, հետո էլ էդ ճոպանուղու մի գիծ էլ քաշելու էիք դեպի Հաղթանակ զբոսայգի։
Չեմ հիշեցնում էն մանր-մունր ծրագրերը, որոնց մասին խոսեցիք ձեր նշանակման 100 օրվա ասուլիսի ժամանակ։ Ընդամենը հիշեցնում եմ էս երկու, ինչպես դուք ասեցիք էդ ասուլիսում, ստրատեգիական ծրագրերը, որոնք միանշանակ արվելու են։
Հիմա կա՞ Աջափնյակում բնակիչ, ով տուն է գնում մետրոյի «Աջափնյակ» կայարանով։ Եթե կա, խնդրում եմ ինձ տեղյակ պահի, թե որտե՞ղ է մետրոյի «Աջափնյակ» կայարանը. ի դեպ, ըստ Մեսչյանի՝ երկու կայարանները, որովհետև ինքը Աջափնյակում խոստացել էր մետրոյի երկու կայարան կառուցել։
Ու եթե կա մարդ, ով մեսչյանական ճոպանուղիով Մասիվից իջել է Կենտրոն համայնք, էդ էլ ասեք՝ տեղը իմանանք։
Իսկ եթե լուրջ, հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում՝ «եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»։ Դուք երևանցուն, ձեր քաղաքական թիմին անվերապահ աջակցություն տված երևանցուն կամ՝ ձեր թիմի աջակցություն չտված երևանցուն ուրիշ բան չունե՞ք ասելու, թե ինչպե՞ս եղավ, որ իրականում ոչ մի բան էլ չեղավ ու դուք և ձեր թիմը ընդամենը հերթական անիմաստ սկվազնյակները արեցիք»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Մեսչյանն օգոստոսի 17-ից կազատվի աշխատանքից
- Ընկերություն կա, որ պատրաստ է այսօր սկսել Երևանի ճոպանուղու կառուցումը. Մեսչյան
- Եթե իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին ուղարկելու եմ տուն. Մեսչյան