Գեղամա գեղեցկուհին՝ Սևանա լիճը, հանրության հոգածության կարիքն ունի
Պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկե թափոնները Սևանա լճի այսօրվա աղետալի վիճակի պատճառներից մեկն են։ Մյուս կողմից էլ այն ընդգծում կամ ցույց է տալիս հասարակության վերաբերմունքը կապուտակ Սևանի ու շրջակա միջավայրի հանդեպ։
Յուրաքանչյուր անգամ սուզորդները բարձրաձայնում են, որ լճի հատակին բավականին մեծ քանակությամբ աղբ է կուտակված և որքան էլ իրենք փորձում են մաքրել լճի հատակն աղբից, միևնույն է այն ամեն տարի ավելի ու ավելի է շատանում։ Մարդիկ իրենց հանգիստը կազմակերպում են Սևանի ափին՝ զվարճանում, սակայն իրենց հետևից աղբը հավաքել ու տանել չեն սիրում, այդպես էլ թողնում ու հեռանում են։ Արդյունքում՝ ունենք այն , ինչ ունենք․․․
«Սևանը մեզ է սպասում» խորագրով էկո-արշավ են նախատեսում իրականացնել մի խումբ երիտասարդներ։ Սրտացավ կամավորները ցանկանում են Սևանի ափերը մաքրել աղբից։
Սևանը պլաստիկից մաքրել ցանկացողները հիմնականում երևանաբնակ երիտասարդներն են, որոնք տեսնելով լճի աղետալի վիճակը, փորձում են իրենց ուժերի ներածին չափով նպաստել Սևանա լճի «բուժմանը»։
«Էկո Աղբ» նախաձեռնության անդամները, երբ տեղակացրին իրենց մտադրության մասին՝ Սևանը պլաստիկից մաքրելու, շատերը ցանկություն հայտնեցին միանալու։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Էկո աղբ» բնապահմանական հասարակական կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը։
«Մենք ցանկանում ենք հասնել Սևանա լճի հիմախնդրի լուծմանը։ Ոչ ոք չի վճարելու մասնակցության համար։ Շուրջ 80 հոգի ցանկություն է հայտնել միանալ նախաձեռնությանը։ «Իմ քայլը» հիմնադրամը մեկ ավտոբուս է տրամադրելու՝ մասնակիցներին անվճար տեղափոխման համար, գերմանական մեկ կազմակերպությունն էլ կտրամադրի աղբը հավաքելու համար անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոցներ, բահեր,ախտահանիչ նյութեր և այլն։ Կապվել ենք նաև ՏԿԵՆ -ի հետ, նրանք էլ նախաձեռնության մասին տեղեկացրել են Մարտունու համայնքապետարանին, որտեղից փորձել ենք ճշգրտել, թե Սևանի ո՞ր ափերը մաքրության կարիք ունեն։ Համայնքապետարանից հայտնել են, որ մեծ ոգևորությամբ միանալու են մեզ և ցույց են տալու, թե հատկապես որ մասներն է անհրաժեշտ մաքրել»,-ասաց Մկրտչյանը։
Հռիփսիմե Մկրտչյանի ծոսքով ՝ հավաքված աղբը տեսակավորվելու և հանձնվելու է վերամշակող ընկերություններին։ Նա նաև տեղեկացրեց, որ Սևանա լճի ափամերձ հատվածի բնակիչներից ևս ցանկություն են հայտնել միանալու նախաձեռնությանը։ Բացի լճի ափերի մաքրման աշխատանքները, լճին առնչվող ողջ խնդիրները ներկայացվելու են մասնակիցներին և ներկաներին։
«Ավելի խորն իմանալով Սևանա լճի խնդիրների մասին, մասնակիցները կլինեն ինֆորմացիայի կրող և տարածող, հետևաբար նաև ավելի շատ մարդ կսկսի անհանգստանալ և մտածել Սևանա լճի խնդրիների լուծման մասին»,- նշեց նախաձեռնության անդամնն ու հավելեց, որ Սևանի հիմնախնդիրների մասին դասախոսությունն անցկացնելու է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
Նախաձեռնությունը լինելու է շարունակական։Տուրիստական սեզոնի ավարտին՝ մոտավորապես սեպտեմբեր ամսին, նախատեսում են ավելի մեծ արշավ կազմակերպել, քանի որ վստահ են , որ այդ շրջանում ավելի շատ աղբ կուտակված կլինի։ Հռիփսիմե Մկրտչյանի փոխանցմամբ՝ հաջորդ ուղևորության մասին նույնպես նախապես կհայտարարվի։
Ինչ վերաբերում է վերը նշված միջոցառմանն, ապա այն տեղի կունենա օգոստոսի 16-֊ին, Երևանից առավոտյան ժամը՝ 8-֊ին կամավորները կուղևորվեն դեպի Սևանա լիճ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին