Ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի համապետական երիտասարդական առաջնությունը
Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում կազմակերպվում և անցկացվում են տարբեր մարզաձևերի պարապմունքներ և մրցումներ։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի համապետական երիտասարդական առաջնությունը։
Հավաքականի ավագ մարզիչ, անցյալի շնորհալի ըմբիշ Արմեն Բաբալարյանն ասաց, որ հայտավորված 64 մասնակիցները ներկայացնում էին երկրի վեց մարզեր։ Անշուշտ տեղերում մարզիչները հոգատար աշխատանք են կատարել։ Տղաները բացօթյա պայմաններում են պարապել, քանզի առաջնորդվել են պարետի հրահանգով։ Ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը դժգոհելու տեղիք չտվեց, իսկ ահա տեխնիկական կողմը ցանկալի վիճակում չէր։ Հատկապես աչքի էր զարնում չորեքթաք / ծնկադիր / դրությունում գոտեմարտողների անբավարար վիճակը։ Սա վկայում է մի կողմից ըմբիշների պարտաճանաչությունը / միմյանցից պահպանել են ֆիզիկական հեռավորությունը /, մյուս կողմից ՝ համավարակի պատճառով մրցագորգի վրա չլինելու, մարզընկերների հետ չգոտեմարտելու անցանկալի հետևանքը, ուստիև ՝ մրցափորձի պակասը։
Այնուամենայնիվ ուրախացնող փաստեր էլ են եղել։ Օրինակ՝ Երևանի դինամոյական Դավիթ Ջոթյանը թեև դեռևս պատանեկան տարիքում է, բայց երիտասարդական ստուգատեսում հաղթանակով է ավարտել բոլոր չորս մրցելույթները և արժանիորեն կանգնել պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին։
Ավագ մարզիչը ցանկություն ունի հնարավորության դեպքում ուսումնամարզական հավաք կազմակերպել Ծաղկաձորում։ Զուտ մարզումային ծրագրերից բացի, դա կմտերմացնի իրարից ամիսներով հեռացած ըմբիշներին, ասել է թե՝ կվերականգնվի թիմային ոգին։
Մեր զրուցակիցն ափսոսեց, որ չեղարկվել է Խորվաթիայում նախատեսված Եվրոպայի առաջնությունը, բայց հույս հայտնեց, որ դեկտեմբերին Սերբիայում նշանակված աշխարհի առաջնությունը տեղի կունենա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները