«Երկու տղա ունեմ, տուն չունեմ, տնամերձ չունեմ». Արծվանիստի բնակիչը՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզում։
Արծվանիստ համայնք այցը Փաշինյանը սկսեց եկեղեցուց, որտեղ համայնքի հոգևոր հայրը օրհնության կարգ կատարեց։
Եկեղեցում մոմավառություն ընթացքում համայնքի հոգևոր հայրը վարչապետին տեղեկացրեց, որ Արծվանիստում է եղել Սմբատ առաջին թագավորը։ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իրենց հաջորդ քայլը լինելու է արքայական տների հետ կապված հստակեցումներ անելը.
«Այնտեղ, որտեղ թագավորների գերեզմանատեղիներ կան, պետք է հստակեցնենք»։
Եկեղեցուց դուրս գալով՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց իրեն սպասող համայնքի բնակիչներին, որոնցից շատերը եկել էին իրենց խնդրանքը կամ բողոքի ձայնը հնչեցնելու։
Համայնքի բնակիչներից մեկը, դիմելով վարչապետին, ասաց, որ հարցերի հարցը պիտի բարձրացնի, խնդրանք ունի, որին ի պատասխան Ն. Փաշինյանը նշեց՝ օգնականներս թող լսեն. «Ո՞վ կա օգնականներից»։
Համայնքի բնակիչն էլ արձագանքեց. «Ուղղակի խնդրում եմ՝ դուք լսեք, Ձեր բոլոր օգնականները լսել են»։
Փաշինյանը ի պատասխան շտապեցրեց՝ «արագ, միայն արագ ասեք»։
Համայնքի բնակիչը ներկայացրեց խնդիրը՝ 1991 թվականին 400 հոգի հող են ստացել, բայց այդ փաստաթուղթը չի հաստատվել. «Երկու տղա ունեմ, տուն չունեմ, տնամերձ չունեմ։ Չեն հաստատել, 91 թվականից ի վեր չեն հաստատել էդ տնամերձերը։ 400 հոգի հողազուրկ է։ Երկու անգամ մարզպետի մոտ եմ հարցը բարձրացրել, հեղափոխությունից հետո երկու տարվա ընթացքում երկու անգամ հարցը բարձրացրել եմ»։
Մինչ համայնքի բնակիչը բարձրաձայնում էր խնդիրը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ընդհատելով նրան, վարչապետին հավաստիացրեց, որ հարցի լուծումն ընթացքի մեջ է և եկող տարի արդեն խնդիր չի լինի։
Վարչապետ Փաշինյանն էլ, դիմելով գյուղացուն, ասաց.
«Եղբա՛յր, մի րոպե, լսո՞ւմ ենք իրար, թե՞՝ ոչ։ Էն մարդը (մարզպետը, խմբ.) ասաց, որ հարցը կլուծվի»։
Գնել Սանոսյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ հարցն ընթացքի մեջ է։
Համայնքի բնակիչներից մեկն էլ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, տեղեկացրեց, որ երեք ուսանող երեխա ունի, ինքն էլ արտագնա աշխատող է։
«Էս տարի հնարավորություն չեմ ունեցել դրսում աշխատելու, նախօրոք ասեմ՝ ոչ փող եմ խնդրում, ոչ մի բան։ Դուք 0%-ով փող եք տվել, բայց բանկը ինձ չորս տարի առաջ «չյոռնի սպիսոկ» ա գցել, ու ասում են՝ վերանայել են այդ հարցը։ Ի՞նչն են վերանայել, պարո՛ն վարչապետ։ Վարկ չտվեցին»,- ասաց համայնքի բնակիչը։
Վարչապետի հարցին, թե՝ ուսանողակա՞ն վարկի մասին է խոսքը, ո համայնքի բնակիչն ասաց՝ ոչ, գյուղվարկի։
Փաշինյանը կրկին դիմեց իր օգնականներին՝ համայնքի բնակչից հեռախոսահամար վերցնել, իսկ ինքն առաջ շարժվելով նախ համայնքի երեխաներին կոնֆետ բաժանեց, ապա նստեց մեքենան ու հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը ներկա է գտնվել է Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը
- Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածի համար մշակվում է գոտևորման նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի