Հերթական անգամ ֆիքսվեց, որ Հայաստանն ունի պոպուլիստ ղեկավար, ով լուրջ քայլերի ընդունակ չէ. քաղաքագետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի BBC-ի HARDtalk հաղորդման ժամանակ հնչեցրած պատասխանների բովանդակությունը շատ պարզ ու պրիմիտիվ էր, շատ դեպքերում թույլ պատասխաններ էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ըստ քաղաքագետի՝ դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում գնում է ծանր բանակցությունների է, սակայն պատրաստ չէ դրանց: «Նա ամբողջական պատկերացումներ չունի՝ ի՞նչ է անելու, ինչի՞ համար է անելու, ո՞րն է խնդիրը. Արցախի հարցն էլ ընդհանուր Հայաստանի հարց է, աշխարհաքաղաքական իրավիճակ է, դա ոչ պատրաստ մարդու հաղորդում էր, միջին հայը մոտավորապես նույն պատասխանները կտար, դրանք քաղաքական գործչի պատասխաններ չէին, ինչը ցույց է տալիս, որ պետությունը որպես այդպիսին պատրաստ չէ միջազգային հարաբերություններին»,- կարծիք է հայտնել նա:
Դիտարկմանը, որ Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց իր հայտնի թեզի մասին, որ ԼՂ հարցի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, Ստեփան Դանիելյանն ասաց, որ այդ բանաձևը դեմագոգիա է: «Սա ընդհանուր հարցից փախչելու եղանակ է, ժողովրդական բառով ասած՝ շուստրիություն: Այդ բանաձևը դատարկություն է, ոչ մի բան է և այդ բանաձևն անընդհատ կրկնելը ցույց է տալիս, որ այդ մարդն ընդհանարապես որևէ կոնցեպցիա չունի»,- ասել է նա:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ «Արցախը Հայաստան է և վերջ» և որ դա պատմական ճշմարտություն է, ինչի համար հաղորդավարը նրան մեղադրեց ազգայնական լինելու մեջ, Դանիելյանն ասել է. «Նախ՝ առաջին հերթին Փաշինյանը լեզվին չէր տիրապետում, գուցե հայերեն խոսեր ավելի հաջող պատասխաններ կտար, անգլերենը չէր բավականացնում: Երկրորդ՝ պատմության մեջ մտնելը ոչ մեկին չի հետաքրքրում, պատմության մեջ այնքան բաներ են եղել, որ հիմա փոխվել է: Նա Խոջալուի առումով էլ շատ կոնկրետ պատասխաններ պետք է տար և նաև որոշ դեպքերում էլ հենց Անգլիայի պատմությունից կամ քաղաքականությունից մի երկու խոսք ասեր, որին իրենք պատասխան չէին ունենա: Այդպես պետք է անի քաղաքական գործիչը, որն ունի մտահորիզոն, գիտի քաղաքականությունը, գիտի պատմությունը և ճիշտ պահին ճիշտ պատասխանը տալիս է, եթե իրեն մեղադրում են, ինքը հակառակ մեղադրանքն է անում»:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, եթե այս հարցազրույցը տեղի չունենար, ինքը կիսո՞ւմ է այս կարծիքը, Դանիելյանը նշել է, որ այդ հաղորդումն առաջին հերթին նայում են որոշակի քաղաքական և փորձագիտական շրջանակներ և նման հաղորդումով պատկերացում են կազմում ղեկավարի մակարդակի վերաբերյալ:
«Հերթական անգամ ֆիքսվեց, որ Հայաստանն ունի ոչ պատրաստ, պոպուլիստ ղեկավար, որը լուրջ քայլերի ընդունակ չէ և նաև ինտելեկտուալ խնդիր ունի, չի տիրապետում ընդհանրապես քաղաքականության պատմությանը և նրբություններին: Սա ֆիքսեցին վարչապետի մասին որպես կարծիք, հիմա ով ինչպես դա կօգտագործի արտաքին քաղաքականության, բանակցությունների մեջ, դա արդեն ուրիշ խնդիր է. ուղղակի գիտեն, որ այդ մարդուն կարելի է շատ հեշտորեն մանիպուլացնել, ինչպես ինքն է հասարակությանը մանիպուլացնում, այդքան էլ լուրջ միջազգային քաղաքական գործիչները իրեն կմանիպուլացնեն»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանն ափսոսում է BBC HARDtalk-ին տված Փաշինյանի պատասխանի համար
- Սթիվեն Սակուրը՝ Փաշինյանին. Ինչո՞ւ են մարում մարդկանց հույսերը