Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի շենքն ուզում են հյուրանոց դարձնել. Փաստինֆո
Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի հարևանությամբ հյուրանոցային և ռեստորանային համալիր կառուցելու նախագծեր կան։ Իրավիճակով պայմանավորված, քաղաքում լուրեր են տարածվել, թե Գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավարին առաջարկվել է մեկ այլ տարածք տեղափոխվել, որովհետև «Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնը հարմարավետ տարածք է, որը կարող է հիանալիորեն ծառայել, որպես ռեստորանային համալիր»։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ կենտրոնի ղեկավար Սուսաննա Մկրտչյանը հաստատել է լուրերը, որ իրեն այդպիսի հարցով դիմել են, սակայն շահարկման թեմա հանդիսացող տարածքը 30 տարի ժամկետով անհատույց տրամադրված է Գեղագիտության ազգային կենտրոնին.«Ես քաղաքով քայլում եմ, ինձ ճանաչող շատ շատերը գալիս մոտենում, հարցնում են՝ մե՞զ հեռացնում են այդ տարածքից...
Բանը նրանում է, որ կենտրոնի հարևանությամբ առկա կառույցը գնվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից և իրենց կողմից ինձ առաջարկ եղավ՝ սեփական տարածքն ընդլայնելու համար կենտրոնին մեկ այլ տեղում այլ տարածք տրամադրել, սակայն ես չհամաձայնվեցի։ Իրենք մեզ տարածքով ավելի ընդարձակ ու ավելի լավ պայմաններ էին առաջարկում, բայց խնդիրը նրանում է, որ դա Գեղագիտության կենտրոնի համար ֆունկցիոնալ տարածք չէր կարող լիներ։ Այդ էր պատճառը, որ մենք հրաժարվեցինք տեղափոխության գաղափարից»։
«Փաստինֆո»-ին հասած տվյալներով, Գեղագիտության կենտրոնի շենքի տեղափոխման հարցով Գյումրի է «գործուղվել» նույնիսկ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը, ով հանդիպում է ունեցել կենտրոնի ղեկավար Սուսաննա Մկրտչյանի հետ և քննարկել հարցը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի շենքը տրամադրել հարևանությամբ գործող ռեստորանային համալիրին և տեղափոխվել մեկ այլ վայր։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Սուսաննա Մկրտչյանը չի հերքել փոխնախարար Թուխիկյանի այցի մասին լուրը, ինչպես նաև հաստատել է՝ այդ թեմայով իրենց միջև կայացած զրույցի մասին լուրը։
«Այո, տիկին Թուխիկյանը եղել է այստեղ և մենք խոսել ենք այդ մասին։ Ես նրան հայտնել եմ, որ հարևանությամբ առկա տարածքի սեփականատերն այդպիսի առաջարկով է հանդես եկել, սակայն մենք չենք կարող համաձայնել այդ առաջարկի հետ, որովհետև մեզ առաջարկվող նոր տարածքը ֆունկցիոնալ չէ՝ գեղագիտության կենտրոնի համար։ Տիկին Թուխիկյանը լսեց մեզ և ասաց՝ հասկանում է, որ այսքան տարի մենք հենց այս շենքում ենք գործել և տեղափոխման պարագայում՝ անհարմարության հետ կապված խնդիրներ կարող են ծագել։ Մի խոսքով, խնդիրը, կարծես, հարթվել է և մենք հիմա անխափան աշխատում ենք՝ ինչպես միշտ է եղել»,- ասել է Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավար Սուսաննա Մկրտչյանը։