89 անձ ինքնակազմակերպվել է՝ Վրաստանի սահմանով Հայաստան վերադառնալու համար. Մարուքյան
Ինչպես հիշում եք, տասն օր առաջ դիմել էի վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների և նրանց շարժական գույքի՝ Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով ոստիկանական ուղեկցությամբ վերադարձը հայրենիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Տեղեկացնում եմ, որ այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով, ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։
Այդ անձանց տվյալները քիչ առաջ փոխանցել եմ վարչապետին ու հայտնել, որ ցանկը, վստահաբար, կարող է ընդլայնվել, եթե ՀՀ կառավարությունը բանակցությունների արդյունքներով հանդես գա հայտարարությամբ, որ հստակ որոշված օրը վերոնշյալ եղանակով մեր քաղաքացիները տեղափոխվելու են հայրենիք։
Սույն առաջարկության կապակցությամբ կառավարության պատասխանը ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,- գրել է նա։