Լիճք գյուղի կանանց մասին ֆիլմը կներկայացվի ֆրանսիական և իտալական կինոփառատոներում
Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրության ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմն ընդգրկված է ֆրանսիական LUSSASDOC կինոփառատոնում, որը վավերագրական ֆիլմերի Ֆրանսիայի ամենասիրված ու ամենահին կինոփառատոնն է։ Կինոփառատոնը մեկնարկել է նախօրեին, կշարունակվի մինչև օգոստոսի 22-ը։ Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։
Օգոստոսի 21-30-ը ֆիլմը հանգրավանելու է իտալական DELLA LESSINIA միջազգային կինոփառատոնում, որն արձագանքում է այն ֆիլմերին, որոնք գեղարվեստորեն արձանագրում են հատկապես մարդկության տնտեսական, սոցիալական, բնության խնդիրների իրողությունները:
Ավելի վաղ kinoashkharh.am-ի հետ զրույցում Թ․ Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է.
««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է տան տղամարդը: Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝ բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին:
Կինոնկարը սկսվում է ամառվա տեսարաններով, երբ ամեն ինչ դեռ շատ թեթև է, եղանակը՝ արևոտ, երեխաները խաղում են, կանայք՝ աշխատում: Իսկ ահա աշնանը սկսվում են սթրեսային իրավիճակները․կանայք ամեն վայրկյան սպասում են իրենց ամուսիններին, որովհետև չգիտեն, թե ե՞րբ են գալու, և առհասարակ, գալո՞ւ են․․․։
Շատ հետաքրքիր է այն պահը, երբ վերադառնում են ամուսինները: Աչքիս առաջ իմ այդքան լավ ճանաչած կանայք միանգամից վերափոխվում են, դառնում առավել կանացի, սկսում գիտակցել, որ կին են: Ֆիլմը դառնում է կանանց ապրումների, ուրախության, տխրության մասին պատմող վավերագրական հուզիչ պատում»։