Օգոստոսի 29-ին կայանալիք ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը նվիրված է Ուզբեկստանի անկախության օրվան
Կորոնավիրուսի հետևանքով աստիճանաբար ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը, տեղեկացնելով․
«Ուզբեկստանի անկախության օրվան է նվիրվելու օգոստոսի 29-ին կայանալիք ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը։ Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։ Այդ ընտրությունը պատահական չէ, քանզի երևանցու գիտելիքները համապատասխանում են միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջներին։
100-ական ընտրված բարձրակարգ մարզիկ-մարզուհի կներկայացնեն հինգ քաշային կարգեր։ Հայաստանին հատկացված է հինգ տեղ․ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102կգ /, գերծանքաշային Վարազդատ Լալայան։ Ընտրվածների թվում են նաև հեղինակավոր Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը։ Նրանք, սակայն, չեն մասնակցի վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։
Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։
Մրցաշարի հաջողության դեպքում նույն սցենարով կանցկացվի նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ շեշտը դրվելու է Մոսկվայում հոկտեմբերի 31-ին սկսվող Եվրոպայի առաջնության վրա, քանզի այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։ Տեղի կունենա նաև ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություն։ Մրցավարական հանձնաժողովում թեկնածու է առաջադրված նաև երևանցի Արայիկ Ալավերդյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները