Ջավախքի բնակիչներն առաջարկ-խնդրանքով դիմում են Վրաստանի կառավարությանը
Ջավախքի բնակիչները առաջարկ-խնդրանքով դիմում են Վրաստանի կառավարությանը, որպեսզի փոփոխություն մտցվի ձմռան ամիսներին կոմունալ վճարների փոխհատուցման աջակցության ծրագրում: Մասնավորապես, ընդհանոր ծախսածից հանեն 200 կվտ էլեկտրաէներգիան ու 200 խորանարդ/մետր գազը: Լինելով բարձրլեռնային շրջան՝ այստեղ ավելի շատ բնական գազ ու էլեկտրաէներգիա է ծախսվում, քան Վրաստանի մյուս շրջաններում։ Այս մասին գրում է Jnews կայքը։
«Գոնե մեր Ջավախքի համար այնպես անեն, որ այդ 200 կվտ էլեկտրաէներգիան կամ 200 քառ.մ գազը հանեն ընդհանուր ծախսածից: Չենք ասում, որ 100% հովանավորեն, գոնե այդ 200 կվտ լույսը կամ 200 խորանարդ/մետր գազը հանեն։ Օրինակ. մյուս շրջաններում՝ Քութայիսում, Զուգդիդում, Ռուսթավում բնակիչներին 90%-ով հովանավորում են, եթե այնտեղ բարձր տոկոսներով են կարողանում օգտվել, գոնե մեր ժողովուրդն էլ կարողանա օգտվել, ոչ թե 20 կամ 30 տոկոս, այլ 50 կամ 60 տոկոսով», – ասում է Ավթանդիլ Մազմանիշվիլին։
«Ես մտածում եմ, որ շատ քիչ տոկոս է այդ աջակցությունը մեր շրջանի համար, քանի որ մեր մոտ ձմեռն ավելի ցուրտ ու երկար է: Սեփական տան համար 200 կվտ էլեկտրաէներգիան կամ 200 խորանարդ/մետր գազը շատ քիչ է: Մարդիկ զրկվել են եկամտի աղբյուրից, չեն կարողանում խոպան գնալ, պետք է օպտիմալ որոշում ընդունվի՝ թե պետության, թե բնակչության համար: Գոնե այնպես անեն, որ բնակչության 50 տոկոսը կարողանա մեկ-երկու ամիս օգտվել փոխհատուցման այդ ծրագրից», – նշում է Կարտիկամ գյուղի բնակիչը:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում որոշում է ընդունել ձմռան 4 ամիսներին ևս փոխհատուցել որոշ բնակիչների կոմունալ վճարումները:
«Որպեսզի փոխհատուցենք մեր քաղաքացիների եկամտի պակասը կամ աշխատանքը կորցնելը, կառավարությունը կայացրել է որոշում, կոմունալ վճարումների աջակցության ծրագիրը շարունակել նաև ձմռան 4 ամիսների ընթացքում: Դա կլինի՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը կլինի նույն սկզբունքով, այսինքն՝ 200 կվտ/ժամ և 200 խորանարդ մետր գազի օգտագործող բաժանորդներին կփոխհատուցի կառավարությունը: Մեր ապահովված քաղաքացիները կարող են հրաժարվել նման օգնությունից»,- հայտարարել էր վարչապետ Գիորգի Գախարիան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի կառավարությունը քաղաքացիների կոմունալ ծառայությունների համար կվճարի մինչև հաջորդ տարվա մարտ