Խախտումները դեռևս գերակշռում են գեղեցկության սրահներում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության նորմերի պահպանումը տնտեսավարողների մոտ։ Կառավարությունից հայտնում են, որ մշտադիտարկման աշխատանքներն այսօր շարունակվել են խանութներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական կազմակերպություններում, մանրամեծածախ առևտրի կետերում: ԱԱՏՄ տեսուչներն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել։ Արմավիրի մարզի 4 ամբուլատորիայում խախտումներ են արձանագրել ԱԱՏՄ Հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցները։ Դրանցից 2-ում խախտվել է թափոնների տեղափոխման պարբերականությունը, մյուս 2-ում բացակայել են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները։
ԱԱՏՄ վերջին շրջանի դիտարկումները փաստում են, որ դեղատներում և բանկերում
խախտումները հասցված են նվազագույնի, սակայն դրանք դեռևս գերակշռում են գեղեցկության սրահներում։
Երևանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են խոշոր մարզասրահներում, լողավազաններում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ Սպորտային համալիրում արձանագրվել են խնդիրներ ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված. այցելուների և աշխատակիցների ջերմաչափման տվյալները համատեղ են գրանցվել, մարզասարքերը մոտ են եղել տեղակայված, սակայն տնտեսավարողը վստահեցրել է, որ մարզիչները հետևում են սոցիալական հեռավորության պահպանմանը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, այսօր ստուգայցեր են կատարել ոլորտային հիմնական ուղղություններով՝ հանրային սննդի կետեր, իրացման ցանց, սննդի արտադրություններ: Սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով՝ այսօր 24 և 48 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների գործունեությունը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի շինանյութի առևտրի կետերում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում: Էական խախտումներ չեն արձանագրվել: Տեսչական մարմնի աշխատակիցները նաև կասեցման գործընթաց են իրականացրել Վայոց Ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր, ինչպես նաև Արարատի մարզի Արարատ ու Վեդի քաղաքներում: Օրերս տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում նշված քաղաքների մի քանի տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Նշված թերությունների հիման վրա պարետատան որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է տվյալ տնտեսավարողների գործունեությունը:
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումներն են կատարել Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Վաղ առավոտից սկսված դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ, մասնավորապես հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ։ Արդյունքում նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի այգիները։
Համավարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակն օրեցօր պակասում է։
Այսօր կատարված խստացված ստուգայցերի ընթացքում այնուամենայնիվ նկատվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումով թերությունները շտկվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի