Մանվել Գրիգորյանի պաշտպան. Ի՞նչ է նշանակում՝ առարկել այն միջնորդությանը, որն ասում է՝ թողեք օրենքով գործենք
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին պաշտպանները միջնորդություններ ներկայացրեցին։
Պաշտպանները միջնորդել են թույլատրել «Արա և Այծեմնիկ» բաց բաժնետիրական ընկերության դրամական միջոցների հաշվին կատարել բյուջեի հանդեպ ընթացիկ պարտավորությունները։
«7 միլիոնի գումար ենք ցանկանում վճարել, թույլ տվեք վճարել։ Մեր նպատակն է՝ թույլատրել հարկային պարտավորությունները կատարել»,- ասաց պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։
Մյուս պաշտպանը նշեց, որ գումարը հավաքվում է, մնում է բանկում, իսկ իրենք ասում են՝ տվեք պետությանը։
«Թույլ տվեք օրինական աշխատող ընկերությունը իր հաշվի վրա օրինական մուտքագրված գումարների հաշվի կատարեն օրինական հարկային վճարումներ։ Այս միջնորդությունն առարկելը ոչ մի օրենքի, տրամաբանության, խելամտության մեջ չի տեղավորվում։ Ի՞նչ է նշանակում՝ առարկել այն միջնորդությանը, որն ասում է՝ թողեք օրենքով գործենք, օրենքով առաջացած պարտավորությունները կատարենք»,- ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրսյանն ասաց, որ դեռևս քրեական գործի նյութերը հետազոտված չեն, «Արա և Այծեմնիկի» գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը և դրանից բխող հանգամանքները մանրամասն հետազոտված չեն։
Դատարանը որոշեց՝ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։
Պաշտպանների ներկայացրած մյուս միջնորդությունը վերաբերում էր քրեական գործի վարույթը կասեցնելուն՝ գործով ամբաստանյալի ծանր հիվանդության հիմքով։
«Պայմանավորված Գրիգորյանի ծանր հիվանդություններով՝ սույն քրեական գործի դատական նիստերը դատարանի համապատասխան որոշումներով հետաձգվում են արդեն շուրջ տարի 2 ամիս։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի ուժով դատարանը կասեցնում է քրեական գործի վարույթը, եթե մեղադրյալը, ամբաստանյալը հիվանդացել է ծանր հիվանդությամբ»,- ասաց պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Միջնորդությունը կննքվի հաջորդ դատական նիստին։
«Հաջորդ դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել միջնորդությունը հաստատող կամ հերքող ապացույցներ, փաստաթղթեր»,-ասաց դատավոր Մնացական Մարտիրսյանը։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։
2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել է միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է խոշտանգումը
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է տոտալ խոշտանգում
- Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում է. Լևոն Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան