Չկա ապացույց, որ Սիրիան կամ «Հըզբոլլահը» ներգրավված են եղել Հարիրիի սպանության մեջ
Լիբանանի հատուկ տրիբունալը (STL) նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործում «Հըզբոլլահ» կազմակերպության և Սիրիայի կառավարության ղեկավարության ներգրավվածության ապացույցներ չի գտել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է դատավոր Ջանեթ Նոսվորսը՝ ընթերցելով դատավճիռը:
«Ըստ դատարանի, Սիրիան և «Հըզբոլլահը» կարող էին ունենալ Հարիրիին և նրա քաղաքական դաշնակիցներին սպանելու դրդապատճառներ: Սակայն դատարանը չունի որևէ ապացույց, որ «Հըզբոլահի» ղեկավարությունը որևէ կերպ ներգրավված է եղել Հարիրիի սպանության մեջ: Նաև ոչ մի ապացույց չկա, որ Սիրիայի կառավարությունն է ներգրավված եղել այդ միջադեպին», - ասել է նա՝ ընթերցելով 2600 էջանոց որոշումը:
Դատարանը եկել է այն եզրահանգման, որ հարձակումն անմիջականորեն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ինչպես ցույց է տալիս ԴՆԹ-ի ուսումնասիրությունը, նա եղել է մոտավորապես 20 տարեկան երիտասարդ: Սակայն նրա ինքնությունը հաստատված չէ:
Գործով մեղադրյալները շիիթական «Հըզբոլահ» կուսակցության հետ կապված չորս անձինք են՝ Սելիմ Այյաշը, Հասան Մերին, Հուսեյն Ունեյիսին և Ասաադ Սաբրան:
Նրանց մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչական հարձակման կազմակերպման, կանխամտածված սպանության և սպանության փորձ կազմակերպման համար: Նրանցից ոչ մեկը բերման չի ենթարկվել և ինքնակամ չի հանձնվել դատարանին, ուստի դատավարությունն ընթացել է նրանց բացակայության պայմաններում: Լիբանանցիների շահերը ներկայացնում են փաստաբանները, որոնք նշանակված են հենց դատարանի կողմից:
Դատախազության ապացույցների մեծ մասը հիմնված է հեռահաղորդակցության տվյալների վրա: Ըստ այդմ, ամբաստանյալները մանրակրկիտ պատրաստվել են հարձակմանը և մի քանի ամիս հետևել են Հարիրիի տեղաշարժին, ինչպես նաև հարձակումից հետո փորձել են վերացնել իրենց հետքերը: Պաշտպանությունը պահանջում է նրանց արդարացում` կատարված հանցագործություններին մասնակցության ֆիզիկական ապացույցների բացակայության պատճառով:
Ակնկալվում է, որ որոշման հայտարարման ընթացքում տրիբունալը, որի վրա ավելի քան 15 տարիների ընթացքում ծախսվել է շուրջ 1 միլիարդ դոլար, կհայտարարի չորս կասկածյալի մեղավոր լինելու կամ անմեղության մասին:
STL- ը ստեղծվել է 2007 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Բեյրութում 2005 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեջ ներգրավվածներին դատական պատասխանատվության ենթարկելու համար, որի հետևանքով զոհվել էր 22 մարդ, այդ թվում՝ Հարիրին և վիրավորվել եին ևս 226-ը:
Դատավճիռը երկու անգամ հետաձգվել էր: Ի սկզբանե այն պետք է հայտարարվեր մայիսի կեսերին, բայց հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այնուհետև հրապարակումը նախանշված էր օգոստոսի 7-ին, բայց Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով հետաձգվեց մինչև օգոստոսի 18-ը:
Տրիբունալի գործունեության հետևանքների մասով Լիբանանի հանրության կարծիքը բաժանված է երկու մասի: Մի շարք փորձագետներ մտավախություն ունեն, որ «Հըզբոլլահ»-ի անդամների դեմ հեռահար վճիռը կհանգեցնի իրավիճակի ապակայունացման: Լիբանանի նախկին վարչապետ և սուննիական «Ալ-Մուստաքբալ» շարժման առաջնորդ Սաադ Հարիրին, որը դարձել է հոր քաղաքական ժառանգորդը, համոզված է, որ տրիբունալն արդար դատավճիռ կկայացնի, և ճշմարտությունը կգերակայի: Նա ներկայում գտնվում է Հաագայում և պատրաստվում է որոշում կայացնելուց հետո հայտարարություն անել: