Թուրքիայում որոշել են 150-ամյա քրիստոնեական գերեզմանոցը կանաչապատ գոտու վերածել
Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող 150–ամյա քրիստոնեական գերեզմանոցը տարածքի վերակառուցման նախագծում ներկայացվել է որպես կանաչապատ գոտի։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Սամանդաղըի հույն ուղղափառ եկեղեցու հիմնադրամին պատկանող հողատարածքի կարգավիճակի փոփոխության մասին հիմնադրամի տնօրինությունը տեղեկացել է պատահաբար՝ 9 ամիս առաջ։ Հիմնադրամի տնօրեն Դիմյան Էմեքթաշը նշել է, որ այդ առթիվ բողոք են ներկայացրել, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել։
Էմեքթաշի խոսքով՝ իրենք դիմել են նաև տեղի համայնքապետարան, որտեղից պատասխանել են, որ տեղի ունեցածը նախորդ իշխանությունների սխալի հետևանքն է։
Հունական գերեզմանոցը գտնվում է Հաթայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու անմիջական հարևանությամբ։ Դեռ 1870-ական թվականներից այն տեղի քրիստոնյաների կողմից օգտագործվող միակ գերեզմանոցն է։