Մարինե Սուքիասյան. Արայիկ Հարությունյանն՝ ընդդեմ ազատ Արցախի՞
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանն իր հերթական հոդվածում գրում է.
«Արցախի նախագահի մամուլի խոսնակը երեկ թույլ է տվել հնարավոր ամենակոպիտ սխալներից մեկը։ Հիշեցնենք նրա ձևակերպումը, թե «նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։
Հայաստանյան քաղաքական դաշտի տրամաբանական արձագանքը պետք է լինի՝ պահանջել մամուլի խոսնակի հրաժարականը և, իհարկե, Արցախի նախագահի տարանջատումն այդ ձևակերպումից։
Եթե սա չի արվում ՀՀ քաղաքական դաշտը պետք է հստակ համարժեք վերաբերմունք դրսևորի Արցախի նորընտիր նախագահի հանդեպ. շեշտենք՝անձնապես նախագահ Արայիկ Հարությունյանի հանդեպ, և ոչ թե Արցախի կամ նույնիսկ՝ ողջ արցախյան իշխանության։
Արցախի նախագահը պարտավոր է շատ արագ հասկանալ իր խոսնակի թույլ տված սխալի ողջ խորությունը։ Սա մեկ նախադասության սխալ չէ. սա մտածողության և հարաբերությունների սխալ է։ Երբևէ նման տրամադրություններ Արցախում չեն եղել. Արցախի նախագահների դռները միշտ բաց են եղել հայաստանյան բոլոր հիմնական քաղաքական ուժերի, հանրային դեմքերի առաջ, և դա եղել է բացառիկ ճիշտ դիրքորոշում։
Արցախի նախագահն այդ սենյակում նստած անձը չէ. Արցախի նախագահը շատ ավելի կարևոր հասկացություն է։ Դա միլիոնավոր մարդկանց հայերի և ոչ միայն պայքարի, ներդրումի, զրկանքների, կյանքերի և մահվան արդյունքում անկախություն ստացած և հիմա դրա համար կռվող պետության՝ այս պահին ժամանակավորառաջին դեմքն է։ Բոլոր պաշտոնները ժամանակավոր են։
Արցախից նույնպես պետք է հնչեն դատապարտող ձայներ. նաև այդպես են կայանում պետությունները։
Կարելի է նաև հարցեր ուղղել Արցախի նախագահին՝ իսկ Նիկոլ Փաշինյանին չընդունող գործարարներից ներդրումներ ընդունելո՞ւ եք , թե՞ ոչ, իսկ Փաշինյանի վարած քաղաքականությունը չընդունող բանկիրներից վարկեր վերցնելո՞ւ եք, թե՞ ոչ։ Արցախի զարգացման առաջարկներ, մտահոգություններ լսելու՞ եք Փաշինյանի հետ չհատվող հայացքներ ունեցող գործիչներից։ Նվիրատվություններ ընդունելու՞ եք քաղաքական այլ հայացքներ ունեցող բարեգործներից։ Ձեզ բուժող բժիշկներից է՞լ եք ճշտելու Փաշինյանի ու նրա թիմի հետ ունեցած հարաբերությունները։ Իսկ Փաշինյանին մերժող երաժիշտներին, մտավորականներին Արցախում թույլ տալո՞ւ եք ելույթներ ունենալ ...
Սրանք հարցեր են, որոնք, իհարկե, պետք է չհնչեին։ Հիմա էլ կա նման հնարավորություն։ Դրա համար պետք է լինի հստակ քաղաքական արձագանք Երևանից և հստակ քայլեր նախագահ Ա. Հարությունյանի կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում չկա որևէ քաղաքական ուժ, որ Արցախի հարցում տարբերվող մոտեցումներ ունենա․Ա․Բաբայան
- Մարինե Սուքիասյան. Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը
- Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք»
- Մարինե Սուքիասյան. Մի ձևակերպում է, որից անգամ Փաշինյան Արփիի ծիծաղը կգա
- Մարինե Սուքիասյան. Բացակայող Փաշինյան
- Մարինե Սուքիասյան. Փաշինյանի շատ կարևոր ընտրությունը
- Վաղվա դատը սիմվոլիկ է. այն բառի բուն իմաստով կայանալու է ադրբեջանական արկերի տակ. Մարինե Սուքիասյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին