Սևանա լճում կիրականացվի առափնյա և ջրային շուրջօրյա հսկողություն․ Ռոմանոս Պետրոսյան
Այս պահին գույքագրում է իրականացվում Սևանա լճի ափամերձ շրջանների, ծովի մակարդակից 1903,5 մ նիշից ցածր գտնվող բոլոր շենք-շինությունների մասով։ Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Վերլուծություններ և գույքագրումներ են արվում նաև Սևանա լճի ափամերձ տարածքների տնտեսվարողների ձեռքին գտնվող հողատարածքների նկատմամբ, վերջիններիս իրավական կարգավիճակների, իրավաչափության, պայմանագրերի երկուստեք կատարման կամ չկատարման, ինչպես նաև այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք որևէ իրավական կարգավիճակ չունեն Սևանա լճի ափին գտնվող տարածքների նկատմամբ»,-ասաց նախարարը։
Պետրոսյանի փոխանցմամբ՝ զուգահեռաբար իրականացվում են կադրային սուր փոփոխություններ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում։ Բացի այդ, Սևանա լճի պահպանությունն իրականացվելու է շուրջօրյա՝ առափնյա և ջրային հսկողությամբ։
«Որպես առաջին ծիծեռնակ, խնդիր եմ դրել պահպանության ողջ անձնակազմը փոխելու։ Այս նպատակով Սևանա լճի առափնյա և ջրային պահպանության շուրջօրյա իրականացումը հնարավոր դարձնելու համար միջոցներ ենք ձեռնարկում նոր տեխնիկայի ձեռք բերման, այդ թվում՝ նաև նոր մոտորանավակների։ 24 հոգուց բաղկացած նոր պահնորդական հատուկ ստորաբաժանում ենք ձեռք բերում։ Ի ուրախություն, կարող եմ ասել, որ երկու օր առաջ զետեղված հայտարարությանն արձագանքել են 100-ից ավելի դիմումատուներ և այս պահին ակտիվ ընտրության փուլում ենք։ վաղվանից կմեկնարկեն մրցույթները, որպեսզի երկուշաբթի արդեն հատուկ պահնորդական ջոկատը ստանձնի իր պարտականությունները»,- ասաց Պետրոսյանը։