Հետաձգվեց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների՝ ընդդեմ սևազգեստ մայրերի հայցի քննությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում մեկնարկել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների հայցի քննությունն ընդդեմ սևազգեստ մայրերի։
Թեև նիստից բացակայում էր հայցվոր կողմը, այնուամենայնիվ, պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին հորդորեց շարունակել նիստը։
Դատավորն ընդունեց Կուչուբաևի միջնորդությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դատարանն այսօր պետք է քննարկի հայցի ապահովման միջնորդությունը։
«Այսօր ապացույց ներկայացնելու ժամկետ պետք է սահմանվի։ Այսինքն՝ հայցվոր կողմը հնարավորություն կունենա դրա վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու»,- նշեց դատավորը։
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ պետք է հայցվոր կողմը ներկայացնի երկու հանգամանք՝ երբ է կատարվել հրապարակային հայտարարությունը, և երբ է հայցադիմումը ներկայացվել դատարան։
«Նշված փաստերի պահով... թեև սրանք անվիճարկելի փաստեր են, բայց կարծում եմ, որ դրանց հիմնավորման բեռը կարող է դրվել ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմի վրա։ Սակայն, իմ գնահատմամբ, սրանք անվիճարկելի փաստեր են, քանի որ հայցվորը հայցադիմումի մեջ նշել է, թե երբ են իրենք տեսել այդ հայտարարությունը, լսել։ Հայցադիմումի մեջ հստակ նշված է, որ դա եղել է նոյեմբերի 28-ին։ Եվ հաջորդ անվիճարկելի փաստն այն է, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 13-ին»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
Դատավորն էլ ասաց, որ դատարանը որոշում է, որ հայցային վաղեմություն կիրառելու մասով պետք է ապացուցել հետևյալ հանգամանքները. «Հայցորդների կողմից իրենց իրավունքի խախտման վերաբերյալ տեղեկանք ունենալու փաստը։ Պետք է ապացուցվի հայցվորների՝ իրենց իրավունքների խախտման մասին տեղեկանալու հանգամանքը։ Նշված փաստի ապացուցման բեռը դատարանը դնում է պատասխանող կողմի վրա՝ նկատի ունենալով, որ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը ներկայացրել է պատասխանող կողմի կողմից»։
Նշենք, որ դատարանը որոշեց ապացույց ներկայացնելու համար ժամկետ սահմանել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 3-ը, իսկ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2020 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 14.30-ին։
Հիշեցնենք, որ որ հայցվոր կողմը դատարան է դիմել, քանի որ գտնում է, որ սևազգեստ մայր Մարգարիտա Խաչատրյանի հետևյալ արտահայտությունը զրպարտություն է.
«Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչև քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու և աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղեքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։
Հայցվոր կողմը գտնում է, որ Սաթենիկ Խլղաթյանի հետրևյալ արտահայտությունը ևս հանդիսանում է զրպարտություն.
«Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին