ՌԴ-ից օրական 50 ինքնաթիռ է մեկնում Թուրքիա
Թուրքիայի հյուրանոցացիները մոտ ապագայում ակնկալում են գերմանացի զբոսաշրջիկների զգալի ներհոսք երկրի հանգստավայրեր, բայց նաև Ռուսաստանից թռիչքների քանակը կարող է աճել: «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է TourDom.ru-ն:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների և փորձագետների, գերմանական իշխանությունները կարող են չեղյալ հայտարարել Թուրքիայում ոչ ապահով արձակուրդի վերաբերյալ իրենց նախազգուշացումը, որի պատճառով պետությունների միջև թռիչքները սահմանափակվել էին: Սա կհանգեցնի գերմանացի զբոսաշրջիկների մասնաբաժնի զգալի աճի, որոնք Եվրոպայում այլընտրանքների բացակայության դեպքում կընտրեն թուրքական առողջարաններ:
Մինչ այժմ նրանց ընդհանուր թիվն անցյալ տարվա ցուցանիշների ընդամենը 30 տոկոսն է կազմում:
Ըստ դիտորդների, Գերմանիայից հյուրերի թվի աճը կարող է ռուսներին դնել ոչ այնքան նախանձելի դրության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ տուրօպերատորները հայտնում են Թուրքիայում հյուրանոցների բավարար քանակի մասին, հազվադեպ չեն դեպքերը, երբ ռուս զբոսաշրջիկները բախվել են ամրագրված տեղերի վերաձևակերպման գործընթացի հետ: Եթե նախկինում այս իրավիճակը բացատրվում էր զբոսաշրջիկների մեծ հոսքով, ապա այժմ դա կապված է բազմաթիվ հյուրանոցների կողմից կորոնավիրուսի համաճարակի պայմաններում աշխատելուն պատրաստ չլինելու հետ: Հետևաբար, գերմանական զբոսաշրջային աճող հոսքը կարող է դուրս մղել ռուսներին:
Այնուամենայնիվ, ՌԴ տուրիստական գործակալությունների ցանցի գլխավոր տնօրեն Ալեքսան Մկրտչյանը վստահ է, որ ռուսները մտահոգվելու առիթ չունեն: Այս պահի դրությամբ Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից ընդհանուր առմամբ ամեն օր Թուրքիա է թռչում 16 ինքնաթիռ, իսկ Ռուսաստանից` 50: Երբ բացվեն Եկատերինբուրգը և Նովոսիբիրսկը, թռիչքների քանակը կավելանա: Այս տեսանկյունից կարելի է ենթադրել, թե ում վրա են հույսերը դնում հյուրանոցները: