Սևանա լճի էկոհամակարգի փրկությունը ազգային հիմնախնդիր է, համազգային մարտահրավեր․ Ռ․Պետրոսյան
Վերջին օրերին մեկնարկել ենք արդյունագործական ձկնորսության կանոնակարգման աշխատանքները։ Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ ամիսներ առաջ, երբ կառավարությունը որոշում կայացրեց կանոնակարգելու այդ ոլորտը, հստակ չափորոշիչներ է սահմանել։
«Եկել է պահը Սևանի էկոհամակարգի վերականգնման և Սևանա լճի հիմնախնդրի լուծման ուղղությամբ 1000 մղոն ճանապարհը մեկնարկելու և առաջին քայլերը դնելու համար։ կարելի է ասել, որ այդ դժվարին խնդիրը լուծելու երկար, քարքարոտ և քաղաքական առումով նաև բազմաշերտ այդ թնջուկը լուծելու քայլերն ենք անում։ Գիտակցում ենք, որ բարեփոխումները լինելու են ցավոտ, մեծ ջանք ու եռանդ են տանելու»,-ասաց Պետրոսյանը։
Այս համատեքստում նախարարը տեղեկացրեց, որ մեկնարկում է արդյունագործական ձկնորսական նոր կարգի գործադրումը։
«Մենք համարում ենք, որ Սևանա լճի էկոհամակարգի փրկությունը ազգային հիմնախնդիր է, համազգային մարտահրավեր է, որը օր առաջ կարիք ունի լուծման կամ առնվազն լուծման նախադրյալների ստեղծման»,-հավելեց ՇՄ նախարարը։
Ռոմանոս Պետրոսյանի դիտարկմամբ՝ Սևանա լիճը հիմնականում հայտնվել է այս իրավիճակում մարդածին գործոնների հետևանքով։