Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին՝ 80-ականների զենք, «HARDtalk», ՀՀ այլընտրանքային քայլեր
80-ականների զենքերի մասին.
«Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական փոխօգնության համաձայնագիրը պատրաստ էր, այն գտնվում էր համապատասխան հաստատությունում։ Ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական կամ դիվանագիտական իսկանդերի կրակոցի, ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որպեսզի մենք հավելյալ վտանգներ չստեղծենք»,- Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա համոզված է, որ դրա անհրաժեշտությունը լինելու է։
Հարցի հնչեց. «Շահարկման թեմա էր դարձել Ձեր՝ 1980-ական թվականների զենքերի հետ կապված հայտարարությունը, ի՞նչ նպատակն էր դա հետապնդում»։
ՀՀ երրորդ նախագահը նախ հիշեցրեց, որ այդ հայտարարությունը հնչել է Քառօրյայից անմիջապես հետո Գերմանիայում, իսկ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ 2016 թվականին Գերմանիան նախագահում էր ԵԱՀԿ-ում։
«Իրոք՝ այդ հայատարությունը շատ մեծ շահարկումների տեղիք տվեց առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք։
Իմ ասածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանագամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինված լինելու վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը: Շատ պարզ բան էր»,- ասաց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահի խոսքով, առկա են բոլոր հնարավորությունները պարզելու, թե աշխարհում կա՞ մի բանակ, թեկուզ ամենաժամանակակից, որ չունի 80-ականների զենք։
«Եթե կգտնեք այդպիսի բանակ, ապա ես կհայտարարեմ, որ այդ գործից ընդհնարապես ոչինչ չեմ հասկանում: Նույնիսկ այսօր, ոչ միայն մեր Զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերի:
Ուղղակի փաստենք, որ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերն 80-ականների են: Մեր բանակի ու նաև շատ բանակների սպառազինությունների մեջ այսօր էլ առկա են նույնիսկ 40-50-ականների զենքեր։ Սա է ողջ ճշմարտությունը։
Կարծում եմ՝ շահարկումները քաղաքական նպատակներով էին և, միգուցե, թեմային չտիրապետելն էր պատճառը», - ասաց ՀՀ երրորդ նախագահը:
Հարցին՝ ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի «Իսկանդերը» չկրակեց, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Քառօրյա պատերազմը լայնածավալ պատերազմ չէր, այլ լայնածավալ ռազմական գործողություններ. «Եթե այդ ժամանակ «Իսկանդեր» օգտագործվեր, ուղղակի դա կլիներ կրակոց թնդանոթներից՝ ճնճղուկների վրա։ Դրա տեղը չէր։
«Իսկանդերը» շատ հզոր զենք է, և դրա առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ»:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ոչ միայն «Իսկանդերը», նաև մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում, պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման։
Անդրադարձ Փաշինյանի «HARDtalk»-ին ու Ադրբեջանից «ներողությանը»
«Բի-Բի-Սի-ի «HARDtalk» հաղորդման ժամանակ հաղորդավարը Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ արդյո՞ք պատրաստ է ներողություն խնդրել Ադրբեջանից հայերի, այսպես կոչված ռազմական հանցագործությունների համար, այս հարցի Ձեր պատասխանը ո՞րը կլինի» դիմումին ՀՀ նախկին ղեկավարը պատասխաեց. «Իսկ ինչի՞ համար մենք պետք է Ադրբեջանից ներողություն խնդրենք։ Այն բանի համար, որ մենք, հետևելով օրենքի տառին, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշվելու մեր իրավո՞ւնքը, իսկ նրանք, հրոսակախմբեր ուղարկելով մեր վրա, փորձում էին զենքո՞վ մեզ ճնշել։ Այն բանի համար, որ նրանք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերում և այդպես իրենք իրենց ապահով էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությա՞նը։ 1992 թվականի մինչև մայիս ամիս, օր է եղել Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ, արկ ու հրթիռ է ընկել։ Այդ բանի համա՞ր ներողություն խնդրեինք։
Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեքս չունենք ընդհանրապես ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Մենք ամաչելու ոչինչ չունենք. Կամաչեինք, եթե չդիմադրեինք, չպաշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգել։
Այդ ժամանակ մենք պետք է ներողություն խնդրեինք, բայց ոչ թե Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից և, առաջին հերթին, այն տղաներից, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր։
Մենք Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք։
Իհարկե, ցավում եմ նրա համար, որ և հայկական, և ադրբեջանական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում եղան զոհեր, բայց, ցավոք սրտի, պատերազմի առաձնահատկություններից մեկն էլ դա է, որ տուժում է նաև քաղաքացիական բնակչությանը։
Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք»։
ՀՀ-ի այլընտրանք քայլերի մասին
«2015 թվականի ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հայտարարել էիք, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ՀՀ-ին այլընտրանք չի մնում ձեռնարկել անհրաժեշտ իրավական քայլեր կապված ԼՂ հետո, 2015 թ. հոկտեմբերին ԱԳ նախարաը նույնպես նշել էր՝ եթե սկսվեն ռազմական գործողություններ, կճանաչենք ԼՂ անկախությունը, ինչո՞ւ ապրիլին չօգտվեցիք այդ հարմար առիթից և չճանաչեցիք ԼՂ անկախությունը» հարցին, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Ես շատ լավ հիշում եմ նախկինում արած իմ բոլոր ասածները, բայց ես չեմ ասել, թե պատերազմի հենց առաջին օրը ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Փառք Աստծո, ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու՝ հաստատակամ ենք իրագործել նաև մեր այն խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին, այն է՝ ՀՀ Զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այնպես որ, հիմա էլ համոզված եմ, որ եթե, իրոք, լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանի Հանրապետոթյունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախություն։ Դա ոչ թե պետք է լինի առիթ, այլ իրադրությունց բխող արդարացված որոշում։
Իսկ երբ որ արդեն իսկ առաջին օրը մենք մեր հրամանատարների և զինվորների հաստատակամությամբ արդեն կասեցրել էինք ադրբեջանցիների հարձակումը, կարծում եմ, ավելորդ փութաջանությունն այդ հարցում կարող էր խոչընդոտել մեր հետագա դիվանագիտական հաջողությունները, իսկ որ հետագայում Քառօրյան վերածվեն նաև մեր դիվանագիտաան հաղթանակի, կարծում եմ, այստեղ որևէ կասկած չկա»։
Սերժ Սարգսյանը չհամաձայնվեց լրագրողի դիտարկմանը, թե ինքը քաղաքական մեծ ակտիվություն է ցուցաբերում. «Էդ ի՞նչ ակտիվացում եմ ես ցուցաբերել, որ դուք էլ դա նկատել եք։ Ես այսօրվա ասուլիսը ևս չեմ համարում քաղաքական ակտիվություն, որովհետև Ապրիլյան քառօրյան թեև շատ սերտ շաղկապված է քաղաքականության հետ, բայց այսօր խոսում ենք բուն մարտական գործողություններից, դրա պատճառներից ու հետևանքներից»։
Դիրքային բարելավումներ կամ կորուստներ
«Ապրիլյան քառօրյան որևէ կերպ չի կարելի համեմատել տավուշյան իրադարձությունների հետ։ Անշուշտ, Տավուշում մեր Զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին, կատարեցին չափազանց կարևոր խնդիր։ Սա պետք է գնահատել ու շնորհավորել մեր զինված ուժերին»,- Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ նույնը պետք էր անել 2018 թ. մայիս-հունիսին Նախիջևանի ուղղությամբ։ Դա անհրաժեշտությունն էր։
Սերժ Սարգսյանը նշեց, որ ցանկալի կլիներ որպեսզի հանրությունը, այդ թվում ինքը, ավելի հանգամանորեն տեղեկացված լինեի, թե հատկապես որ սխրագործության համար են բոլոր 71 հոգին, որ պարգևատրվել են կամ պետք է պարգևատրվեն «Մարտական խաչով»՝ այդ շատ բարձր շքնանշաններով։ Համեմատության համար ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ 1994 թվականին կնքված հրադադարից հետո, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի մի էր բերում նախորդ 4 տարիների ռազմական գործողություններն ու դրանցում ակտիվ մանակցություն ունեցողներին, այդ թվում Շուշի և այլ օպերացիներ, ընդամենը երկու տասնյակ հոգի պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշաններով։
«Ես սա որևէ մեկին կշտամբելու համար չեմ ասում»,- ասաց Ս. Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի ու տավուշյան դեպքերի միջև տարբերությունը շատ մեծ է՝ մի բան է լայնածավալ ռազմական գործողություններ, որ մղվում էին 200 կմ-ից ավելի հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որը տեղի է ունենում մի քանի 100 մետր հատվածներում։
«Բայց նորից եմ կրկնում՝ շատ ուրախ եմ, որ հերթական անգամ մեր Զինված ուժերն իրենց ցուցաբերեցին լավագույնս։ Գոնե հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ մեր Զինված ուժերը մարտունակ չեն։ Լավագույն ապացույց է։ Ես համոզմունք ունեմ, որ ապագայում ևս մեր Զինված ուժերն իրենց կցուցաբերեն լավագույն կողմից»,- ասաց Ս. Սարգսյանը։
Ինչ վերաբերում է դիրքային բարելավումներին կամ կորուստներին, Սերժ Սարգսյանն ասաց, որ 1994 թվականի հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել։
«Մինչև Ապրիլյան պատերազմը բազմաթիվ տեղերում՝ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի մարզերում, նաև շփման գծում մենք ունեցել են բազմաթիվ բարելավումներ։ Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետև կարևորը մեզ համար եղել է այն հանգամանքը, որ անհրաժետություն կա դիրքային բարելավումների և մեր վերահսկելի տարածքն ընդլայնելու։
Կարևորն այն չէ, որ դրա համար շեփորահարենք՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ և այսպիսով շահագրգռելով Ադրբեջանին փոխադարձ գործողություն կատարելու։ Հսկայական տարածքներ են։ Ես հիմա իրավունք չունեմ նույնիսկ ասելու, թե ինչքան, բայց հավատացնում եմ՝ շատ լուրջ բարելավումներ ենք ունեցել»,- ասաց ՀՀ նախկին նախագահը։
Նա նաև նշեց, որ նախօրոք չեն իմացել, որ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն։
«Ինչո՞ւ չենք իմացել։ Սա էլ մասնագիտական հարց է։ Պետք է ասեմ, ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն։ Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է։ Այստեղ տարակուսելու ոչինչ չկա։ Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի 1-ին օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանիցների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն։ Այսպիսի բնույթի է եղել տեղեկությունը։ Ենթադրող հատվածներում, իհարկե, համապատասխան աշխատանք կատարվել է»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարց․ Ասել էիք, որ Ապրիլյան քառօրյայի մասին կխոսեք արտակարգ դրության ավարտից հետո։ Արտակարգ դրությունն ավարտված չէ, բայց ասուլիս եք հրավիրել, արդյո՞ք սա նշանակում է, որ ասելիք ունեիք մինչև ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը։
Սերժ Սարգսյան․ Իմ ասելիքը զեկույցի հետ կապված չէ։ Նորից եմ կրկնում, իմ ասելիքը պայմանավորված է նրանով, որ իրադարձություններ են տեղի ունենում և մեր երկրում, և մեր երկրի շուրջ, և այդ իրադարձությունները իմ պատկերացմամբ, շատ սերտ շաղկապված են նաև Ապրիլյան իրադարձությունների հետ։ Ապրիլյան պատերազմը լոկ պատերազմ չէր, Ապրիլյան պատերազմը ռազմաքաղաքական մեծ իրադարձություն էր, որն ազդեցություն ունեցավ և մեր ներքին, և արտաքին քաղաքական օրակարգերի վրա։ Ապրիլյան պատերազմը շատ սերտ շաղկապված է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության և անվտանգության հետ, ուստի դա մեր ժողովրդի կենսական հարցերից մեկն է:
Ապրիլյան պատերամզը շատ սերտ շաղկապված է ԼՂ բանակցային գործընթացի հետ, որը, ցավոք սրտի, իմ կարծիքով, կամ փակուղի է մտել, կամ ընթանում է ոչ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում՝ դրանով ավելացնելով պատերազմի վտանգը։ Ապրիլյան քառօրյան սերտորեն շաղկապված է նաև ՀՀ արտաքին քաղաքականության հետ:
Ես կարող եմ ասել, որ այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է: Իսկ յուրաքանչյուր մարտական գործողություն, պատերազմ՝ լինի քառօրյա, յոթնօրյա, ավելի երկարատև կամ կարճ, ճիշտ ուսումնասիրելու, ճիշտ հետևություններ անելու անհրաժեշտություն ունի։
Նույնիսկ զորավարժություններից հետո ԶՈւ-ում կազմվում է թերությունների, անելիքների ցանկ, որպեսզի հաջորդ զորավարժություններին կամ մարտական գործողություններին ավելի պատրաստ լինեն կամ կարողանան կանխել այդ վերահաս վտանգը։ Եթե կարճ ասելու լինեմ՝ սա է այսօրվա ասուլիսի պատճառը։ Մյուս կողմից էլ՝ իսկ դուք վստա՞հ եք, որ տեսանելի ապագայում արտակարգ դրությունն ավարտվելու է։ Ես այնքան էլ վստահ չեմ։
Հարց․ Լուրեր էին շրջանառվում, որ Ապրիլյան պատերազմից առաջ Մոսկվայում դուք պայմանավորվածություններ էիք ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին, եթե այդպես է՝ ինչի՞ դիմաց էիք պատրաստվում հողեր հանձնել։
Սերժ Սարգսյան․ Այդ լուրերը կեղծ լուրեր են։ Ես երբևէ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն, որ կարող է վնասել մեր ժողովրդին կամ վտանգ լինել մեր հայրենիքի համար, չեմ կարող պայմանավորվել։ Ուղղակի ամոթ է, իրոք ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին, ովքեր ելնելով քաղաքական նպատակներից կամ հակակրանք ունենալով իմ անձի հանդեպ՝ շահարկում են այդպիսի թեմաներ։ Կարծում եմ, դա մարդկանց նեղ շրջանակի կարծիք է, այդ լուրերը լայն տարածում չունեն։ Չի եղել այդպիս բան և չի կարող լինել։
Հարց․ Ըստ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի, 20-ից ավելի դիրք ենք մենք կորցրել, որտեղ հակառակորդը հաջողության է հասել։ 20 թվի հետ համաձա՞յն եք, արդյո՞ք բուն դիրքի մասին է խոսքը, թե հենակետերի։
Սերժ Սարգսյան․ Սխալ թիվ է հնչել։ Կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել։
Հարց․ Եթե անդրադառնանք Մոսկվայում կրակի դադարեցման համաձայնագրին, ինչպիսի՞ն է ՌԴ դերակատարումը համաձայնագրի գործում, որը կնքվեց, արդյո՞ք ռազմական գործողությունները մարտահրավեր չէր ԵԱՀԿ-ին։ Ապրիլյանից հետո որպես դաս՝ ինչ հետևություն կարող ենք անել՝ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծում ունի՞, թե ոչ։
Սերժ Սարգսյան․ Այո, 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետք գեներալ Յուրի Խաչատուրովը։ Մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք, թե որը պետք է լիներ մեր առավելագույն և նվազագույն խնդիրը։
Առավելագույն խնդիրը պետք է լիներ պահանջել ադրբեջանցիներից՝ վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին ադրբեջանցիները չեն համաձայնվել այն փաստարկմամբ, որ այդքան կորուստներից հետո իրենք որևէ կերպ չեն կարող արդարացնել իրենց ետ վերադարձնել։ Բայց մենք հասել ենք նվազագույնին, ընդունելիին, որ նոր համաձայանգիր չի ստորագրվել, 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ, քանի որ ունի մշտական բնույթ։
Հարց․ Միանշանակ պնդում եք, որ Ապրիլյան պատերազմում հաղթանակ ենք տարել։ Ապրիլյան պատերազմում մեր զոհերի համար դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք, պատրա՞ստ եք նրանց ընտանիքներից ներողություն խնդրել։
Սերժ Սարգսյան․ Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված մեր սպաների ու զինվորների համար, այլ նաև Արցախյան առաջին պատերազմում բոլոր զոհվաների համար։
Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր այն զինվորների ու սպաների համար, ովքեր զոհվել են 88-ից սկսած, թույլ տվեք ասել, մինչև այսօր։ Այո, ես պատասխանատվություն կրում եմ։ Բայց ձեր ասածը, կարծում եմ, տեղին չէ։ Այստեղ ներողություն բառը ճիշտ բառը չէ։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում, խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին և բոլորին կոչ եմ անում շատ ուշադիր լինել այդ ընտանիքների նկատմամբ։
Այստեղ խնդիրը միայն զոհվածները, նահատակները չեն, նրանց ընտանիքները չեն։ Խնդիրը կայանում է նրանում, որ հասարակության ճիշտ վերաբերմունքն այն խթաններից մեկն է, որ մեր այսօրվա և վաղվա սպաներին և զինվորներին պետք է դրդի, համոզի, որ նրանք շատ ամուր պահեն մեր հայրենիքի սահմանները, և Աստված մի արասցե, եթե անհրաժեշտության լինի, դա անեն իրենց կյանքի գնով։ Դա մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է անկախ նրանից, որ շատերը դրանից խուսափում են։ Մենք հաղթել ենք, այսօր ունենք ազատ, անկախ Արցախ, մարտունակ զինված ուժեր, այդ ամենը նաև մեր զոհված տղաների գործի արդյունքն է։
Հարց․ Քառօրյա պատերազմի օրերին Մոսկվայում տեղի ունեցավ հանդիպում Գլխավոր շտաբի պետերի մակադակով, որից հետո, կարծես թե, ռազմական գործողությունները դադարեցին։ Կմանրամասնեք ի՞նչ սցենարներ են քննարկվել այդ հանդիպման ժամանակ։
Սերժ Սարգսյան․ Մինչ այդ հանդիպումն արդեն հայտարարվել էր հրադադարի ռեժիմ։ Ճիշտ է, որ 100 տոկոսանոց այն չէր պահպանվում, բայց, այնուհանդերձ, հայտարարվել էր հրադադարի ռեժիմ։
Եթե մանրամասն է հետաքրքրում, մի փոքր կարող եմ ասել։ Ինձ զանգահարել է գեներալ Խաչատուրովն ու ասել, որ իրեն զանգահարել է ՌԴ գլխավոր շտաբի պետն ու ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիելու և խոսելու հրադադարի թեմայով։ Գերենալ Խաչատուրվն ասել է, որ որոշ ժամանակ հետո ձեզ կպատասխանենք։ Պատասխանել է, որ ինքը պատրաստ է հանդիպման Թբիլիսիում։ Ինչու Թբիլիսիում, քանի որ Թբիլիսին շատ մոտ է, կարճ ժամանակում ռազմական գործողությունները վերսկսելուց հետո հարկավոր է հասնել Հայաստան, որովհետև Գլխավոր շտաբն է ղեկավարում այդ ամբողջ ռազմական գործողությունները, որն արել է շատ լավ։ Ընդհանուր առմամբ, գոհ եմ Գլխավոր շտաբի կատարած աշխատանքից և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից։ Նրան պատասխանել են, որ ադրբեջանցիները չեն ցանկանում հանդիպել Թբիլիսում, այլ Մոսկվայում։ Ակնհայտ է, թե ինչու, որովհետև ցանկացած պայմանավորվածություն կարիք ունի միջնորդի երաշխավորության։ Գեներալ Խաչատուրովը մեկնել է Մոսկվա։
Հարց․ Այդ օրերին բանավոր կամ գրավոր ի՞նչ գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել Մոսկվայում, ինչո՞ւ Յուրի Խաչատուրովը չներկայացավ հանձնաժողով ու բացատրություն չտվեց այդ ամենի մասին, Դուք ի՞նչ տեղեկություն ունեք։
Սերժ Սարգսյան․ Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել ո՛չ գաղտնի, ո՛չ բաց։ Ուղղակի կոչ եմ անում այդ փաստի վերաբերյալ չդատել իմ ասածներով, այլ դատել փաստերով։ Կարող եք վերցնել ԵԱՀԿ-ում տարածված Մինսկի խմբի համանախագահների 2016 թվականի ապրիլի 12-ի հայտարարությունը, որտեղ շատ հստակ գրված է, որ ուժի մեջ է 1994 թվականի անժամկետ համաձայնագիրը։ Եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Հո համանախագահները չե՞ն կարող խաբել, չէ, հո համանախագահները չե՞ն կարող ապատեղեկատվություն տալ միջազգային հանրությանը։ Մենք իրավունք չունենք նրանց կասկածելու սուտ ասելու մեջ։
Մի քանի անգամ զրույց եմ ունեցել գեներալ Խաչատուրովի հետ։ Ըմբռնումով եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը։ Տեսեք՝ Խաչատուրովը շատ երկար ժամանակ, իր կայնքի լավագույն հատվածը նվիրել է ՀՀ անվտանգությանը։ Նա ռազմական գործողությունների հենց սկզբից շատ ակտիվ ու կարևոր մասնակցություն է ունեցել մեր հաղթանակներում։ Խաչատուրովն ուղնուծուծով զինվորական է, գեներալ է, և նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները։ Մարդն իր ողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, որ ռազմական գործողությունները սկսելու պահին Խաչատուրովը բիլիարդ էր խաղում։ Նույնիսկ հանձնաժողովի նիստի ժամանակ ասել եմ, որ մեկ անգամ ևս կհորդորեմ Խաչատուրովին մասնակցել նիստին։ Այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը։
Շատ էական հանգամանք չեմ նկատում, քանի որ քիչ առաջ թվարկեցի փաստաթղթերը, որոնք հաստատում են այն, ինչ մի քանի նախադասությամբ ձևակերպված է։ Կարծում եմ՝ Խաչատուրովն էլ, կանցնի ժամանակ, առիթ կունենա շփվելու լրագրողների հետ ու արտահայտելու իր դիրքորոշումը։
Հարց․ Որպես Ապրիլյան պատերազմի ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար՝ բացի պատասխանատվությունից, նաև, օրինակ, մեղավորություն զգո՞ւմ եք մեր զինծառայողների մահվան մեջ։ Նաև՝ ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ բացթողումն այդ պատերազմում։ Երբ խոսում եք Ապրիլյանում տարած հաղթանակի մասին՝ ասացեք, թե ո՞րն է մեր հաղթանակի չափման միավորը, ինչպե՞ս եք չափում մեր տարած հաղթնական այդ պատերազմում։
Սերժ Սարգսյան․ Մեզնից յուրաքանչյուրն, անկախ նրանից՝ նախագահ է, գերագույն գլխավոր հրամանատար, լրագրող, թե զուտ պարզ քաղաքացի, չի կարող ասել, որ ինքը միշտ անսխալ է եղել։
Իսկ այն մարդիկն, որ ամեն օր մեծ քանակով որոշումներ են կայացնում, անշուշտ, այդ մարդկանց, այդ պաշտոնատար անձանց սխալները շատ ավելի տեսանելի են։ Առանց որևէ սեթևեթության կարող եմ ասել, որ ես չեմ տեսնում իմ կողմից կամ Զինված ուժերի որևէ ղեկավարի կողմից այնպիսի սխալ, որի մասին հիմա արժե խոսել։
Ապրիլյան պատերազմում հաղթել ենք։ Չափման միավորն Ադրբեջանի պլանների ձախողումն է։ Չափման միավորն այն է, որ մեր հակառակորդ երկրի նախագահը հրապարակավ հայտարարում է, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հաջողությունը երբեք կիլոգրամներով չի կարելի չափել, անհնար է չափել, հաջողությունը չափվում է քաղաքական հայտարարություններով, այդ թվում նաև ուրիշների կողմից, հաջողությունը չափվում է միջնորդների հայտարարություններով, երբ ասում են, որ անթույլատրելի էր Ադրբեջանի վարքագիծը։
Մի փոքր շեղվեմ և ասեմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում։ Որևէ Ադրբեջանի ղեկավար երբեք չի համաձայնվելու կամովին Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ Սա է չափման միավորը։ Մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել։
Հարց․ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել էր, որ Ապրիլյանի ժամանակ հիմնական բացթողումները եղել են պետական կառավարման մեջ, բանակը տևական ժամանակ սպասել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից իջեցրած հրահանգին։ Ինչո՞ւ հրահանգը միանգամից չի իջեցվել, արդյո՞ք նման խնդիր եղել է։
Սերժ Սարգսյան․ Նման հայտարարության ծանոթ չեմ։ Ռազմական գործողությունները սկսվելու պահին գտնվում էի ինքնաթիռում, ԱՄՆ-ից վերադառնում էի ՀՀ։ Ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների սկսվելու մասին։ Այդ զեկույցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը։ Այսինքն ի՞նչ հրամանի մասին է խոսքը։ Առավելագույնը պետք է հրաման տայի գործողության մեջ դնել այդ պլանը, այդ պլանն արդեն գործողության մեջ էր։ Ի պատիվ պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի՝ կարող եմ ասել, որ բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են, այսինքն միջոցառումների պլանն ընթացել է ճիշտ հունով՝ սկսած այն պահից, երբ գործողության մեջ են դրվել։
Հարց․ Քննիչ հանձնաժողովի ղեկավարը սպառազինության պակասից է խոսել, որ 2016-ին եղել է, նրա կարծքիով, մեր սպառազինությունը ոչ համահունչ է եղել Ադրբեջանի ձեռք բերածին, մասնավորապես անօդաչու թռչող սարքեր։ Ձեր ղեկավարման օրոք աշխատած վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է խոսել անորակ վառելիքի մասին, որի պատճառով զինտեխնիկան Ապրիլյանի օրերին չի աշխատել։ Ինչքանո՞վ է ձեր իշխանության ժամանակ եղած կոռուպցիան, Ձեր կարծիքով, վնասել Ապրիլյանի հաջողություններին։
Սերժ Սարգսյան․ Ինչպես ասացի ասուլիսի սկզբում, իմ առաջարկությամբ և խնդրանքով չենք քննարկում հանձնաժողովի անդամների, նաև նախագահի հնչեցրած տեսակետները։ Եթե հարցը Ձեր անունից եք հնչեցնում սպառազինության, դիզվառելիքի տեսակետից, կարող եմ պատասխանել։
Պատասխանում եմ Ձեր հարցին։ Այո, ոչ միայն Ապրիլյանի ժամանակ, նաև հիմա և ոչ միայն մենք, այլ նաև բոլոր Զինված ուժերը միշտ ունենում են լավագույն ամենաժամանակակից սպառազինության կարիք։ Սա ակնհայտ է։ Բայց մենք 2016 թ. ապրիլին առաջին անգամ օգտագործել ենք այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են գտել հրամանատարները։ Զինամթերքի պակաս չենք ունեցել։ Այո, ունեցել ենք շատ ժամանակակից որոշ սպառազինությունների խնդիր, բայց բնավ դա խոչընդոտ չի հանդիսացել մեր հաղթական գործողությունների համար։
Պաշտպանության նախարարությունը մշտապես կուտակել և Ապրիլյանի նախօրեին ունեցել է բավարար անձեռնմխելի պաշար։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հայտարարությանը, նա ևս հրավիրվել է հանձնաժողով, պատասխանել է հանձնաժողովականների հարցերին։ Այո, մենք չենք ունեցել և տևական ժամանակ չենք ունենալու բոլոր լավագույն զինատեսակները, բայց միշտ եղածով մենք կատարել ենք մեր խնդիրը։ Վստահ եմ, որ այդպես էլ միշտ լինելու է։
Հարց․ Տարեսկզբին կապանյան ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանին հարց ուղղվեց, թե արդյո՞ք շարունակում է այն դիրքորոշումն ունենալ, ինչ 2016-ին էր հայտնել ՌԴ իմացությամբ և թույլտավությամբ Ապրիլյան պատերազմը տեղի ունենալու վերաբերյալ, վերջինս պատասխանեց, թե այն ինչ աել է, մնում է նույնը։
Սերժ Սարգսյան․ Կարծում եմ՝ այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսակետից տգիտություն են։
Երբ մարդիկ դաշնակիցների վերաբերյալ չստուգված, վարկաբեկող մտքեր են հայտնում, դա ունենում է շատ խորը հետևանքներ՝ և ոչ միայն այդ պահին: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Այդպիսի հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու, այսինքն՝ դավաճանության մեջ: Դա անթույլատրելի է, անթույլատրելի է հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել որպես դաշնակից։
Մենք մինչև Ապրիլյան իրադարձությունները Ռուսաստանից ստացել են 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն։ Երբ խոսքը գնում է ռազմատեխնիկական օժանդակության մասին, նշանակում է՝ դրա համար չես վճարել:
Այսպիսի պարագաներում խոսել այն մասին, թե Ռուսաստանի գիտությամբ և հրահրմամբ է տեղի ունեցել Ապրիլյան իրադարձությունները, կարծում եմ՝ սխալի արդյունք է: Չի կարելի նման հայտարարություններ անել: Ես սրա վրա ծանրանում եմ ոչ թե նրա համար, որ այդպիսի հայտարարություններ անողներն այսօր իշխանության են, այլ որպեսզի ապագայում այդպիսի մոտեցուներ չթույլատրվեն: Որևէ մեկը, բացի Հայաստանից, «Իսկանդեր» չունի: Սա դաշնակցի վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ։ Նաև «Իսկանդերի» առկայությունն էր, որ 2016 թ. ապրիլին լայնածավալ խոշորամասշտաբ պատերազմ չեղավ, այլ եղան լայնամասշտաբ ռազմական գործողություններ։
Հարց․ Պարոն նախագահ նշեցիք, ստեր են տարածվում դիզվառելիքի, բահերով կռվող զինվորների մասին, Ձեր քաղաքական թիմի պատասխանատվությունն այս հարցում չե՞ք տեսնում, այսինքն ժամանակին այդ հարցերի վերաբերյալ հանրության հետ բաց ու թափանցիկ չեն խոսել, այդ կասկածները մտահոգել են ու դրա համար էլ բանակի պատրաստավածության մասին նման բացասական կարծիք է ստեղծվել։
Սերժ Սարգսյան․ Բոլոր ժամանակներում, գոնե մինչև 2018թ․ ապրիլը բանակը մեր երկրի ամենահեղինակավոր կառույցներից էր։ Ես ասում եմ սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնց պատվիրատուները շատ տաբեր քաղաքական ուժեր են հանդիսանում, և սա որևէ մեկը չի կարող ժխտել։
Այլ խնդիր է, որ որոշ կառույցներ հատկապես զբաղվում էին բանակը վարկաբեկելու պրոցեսով։ Նորից եմ կրկնում, որ որևէ կառույց չի կարող առանց թերությունների աշխատել, հնարավոր չի և ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում։
Քննադատությունից պետք է չէ խուսափել, որովհետև դա անխուսափելի է, բայց խոսում եմ ոչ թե քննադատության, այլ վարկաբեկման մասին։ Սա ամոթ է։ Ամոթ է վարկաբեկել այն բանակը, և ընդհանրապես ցանկացած բանակ, որն իր ժողովրդին այսպիսի հաղթանակներ է բերել։ Ամոթ է վարկաբեկել այն սպաներին ու զինվորներին, ովքեր առավոտից երեկո կանգնած մահվան բերանին պաշտպանում են մեր հայրենիքը։ Անթույլատրելի է այդպիսի բաներ անելը։
Եվ մեր ուրախ օրերին, և մեր տխուր օրերին բանակի հետ շփումների պակաս երբեք չի եղել և բանակի մասին խոսելու պակաս երբեք չի եղել։ Այնպես որ, այլ հանգամանքներով են պայմանավորված բանակի վարկաբեկման ջանքերը, և ես ուրախ եմ, որ հիմա այդպիսի փորձեր գրեթե չկան և եթե կան, նախկին ժամանակահատվածին են վերաբերում, դա էլ էլի լավ է։
Դուք կարո՞ղ եք մի կոնկրետ օրինակ բերել և ասել, որ այս ինչ Հանրապետականն այսպիսի բան է ասել Զինված ուժերի մասին այս երկու տարվա ընթացքում։ Չեք կարող բերել, որովհետև չի եղել նման բան։ Չի եղել և չենք անելու դա, ոչ թե այն պատճառով, որ չկան, այլ որովհետև դա մեզ համար համոզմունք է։
Հարց․ Ձեր խոսքում ասացիք, որ այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է, ինչո՞ւ եք այդպես կարծում, ինչ իրավիճակ է, որ նման կարծիք եք հնչեցնում։ Հետախուզության հետ կապված՝ նշեցիք, որ մեր հետախուզությունը թերացել է, եթե թերացել է, դա նշանակում է ավելի խորը հետևանքներ, քան Ապրիլյան պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը։ Արդյո՞ք հետախուզության թերացման հետ կապված եղել են քրեական գործեր, մարդիկ կանգնե՞լ են պատասխանատվության առաջ, թե՞ ոչ, որովհետև տեսանք, որ պատերազմից որոշ ժամանակ անց Արշակ Կարապետյանը Մոսկվայում պաշտոնի անցավ։
Սերժ Սարգսյան․ Առաջին պատճառն այն է, որ բանակցային գործընթացը փակուղու մեջ է և դա մոտեցնում է պատերազմի վտանգը։ Իմ կանխատեսումների մեջ էր մտնում նաև այդ փակուղու վատ հետևանքներից նաև տավուշյան իրադարձությունները։ Այդպիսի գործողությունները չեն նպաստում երկարատև խաղաղությանը։
Ինչ վերաբերում է հետախուզության թերացմանը, համենայնդեպս, հանցագործության որևէ դեպք ինձ հայտնի չէ։ Եթե հայտնի լիներ հանցագործության որևէ դեպք, կլիներ դատաքննություն և այլն։ Իսկ ո՞վ է ասել՝ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն։ Այդպիսի հասկացողություն չկա, թերացում նշանակում է թերացում։ Դա անդրադառնում է մարդու պաշտոնեական առաջխաղացմանը, իր ծառայության շարունակմանը և այլն։
Ինչ վերաբերում է, թե ինչու Արշակ Կարապետյանը տևական ժամանակ հետո նշանակվեց Մոսկվայում որպես ռազմական կցորդ, ուղղակի ուզում եմ տեղյակ լինեք, որ ռազմական կցորդն իր կարգավիճակով բազմակի անգամ զիջում է հետախուզության վարչության պետի պաշտոնին։ Իսկ ո՞վ ասաց՝ եթե մարդ պաշտոնից ազատվում է, ընդհանրապես պետք է գնա իրենց տուն։ Մենք չունենք այն շռայլությունը՝ բոլոր պաշտոններից ազատվածներին ուղարկել տուն։ Եթե մարդուն պաշտոնից ազատում են, ապա ավելի ցածր պաշտոններում նրա գործունեությունը միշտ էլ պետք է ողջունելի լինի, իհարկե, եթե թերացումներն այն աստիճանի չեն, որ կարելի է նրանց պիտանելիության վրա խաչ քաշել։ Կարծեմ՝ Արշակ Կարապետյանը հիմա ավելի բարձր պաշտոնի է։ Հիմա մի կողմից դուք ասում եք թերացումներ, մյուս կողմից էլ՝ պաշտոնի բարձրացում։ Ինքներդ դատեք։
Հարց․ Դուք խոսեցիք հակաօդային պաշտպանությունից։ Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր, իսկ այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ ողջ Արցախի օդը։
Սերժ Սարգսյան․ Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու այդ թվում նաև Ստեփանակերտը։ Եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիներն ուղղակի մեզ խղճացել են, չէ՞, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ էիք նրանցից։ Չի կարող այդպիսի բան լինել։ Ընդհանրապես, երբ խոսվում է հակաօդային պաշտպանության մասին, պետք է տարբերակել նաև հետևյալը՝ մի բան է ռազմական ինքնաթիռը, մի բան է անօդաչու թռչող հետախուզական սարքը և մեկ այլ բան են հարվածային անօդաչու թռչող սարքերը։
Քառօրյայի ընթացքում պաշտպանության բանակի մարտիկների կողմից 9 թռչող անօդաչու սարք է ոչնչացվել, այնուհետև ապրիլին ևս 8-ը։
Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առաջին գծից առավելագույնը եղել են 10-11 կմ հեռավորության վրա։ Եթե անօդաչու թռչող սարքերն այդպես հանգիստ, ազատ կարողանային ճախրել Արցախի երկնքում, դա առաջինը կանեին հենց Ստեփանակերտի վրա։
Երբ խոսվում է, որ այսօր բոլոր հարցերն ամբողջովին լուծված են, ապա խնդրում եմ հիշեք, որ հայտարարություններ եղան, որ ադրբեջանական հարվածային թռչող սարքերը հասել էին մինչև Տավուշ՝ Բերդ և այնտեղ կատարել են իրենց առաջադրանքը։ Իհարկե, շատ մեծ կորուստներ, փառք Աստծո, չեղան, բայց հասել են, չէ՞։ Սա ես ոչ թե որպես թերություն կամ կշտամբանք եմ ուզում ներկայացնել, այլ որպես հավաստումն այն փաստի, որ հակաօդային պաշտպանությունը պարիսպ չէ, որը կարող է կլանել կամ դեմ լինել որևէ թռչող սարքի։ Նորից եմ կրկնում, որ որևէ ադրբեջանական ինքնաթիռ չի հատել շփման գիծը։ Սա արդեն խոսում է ինչ որ մի բանի մասին։
Հարց․ Ապրիլյանից հետո համացանցում տարածվեց մի տեսանյութ, որը, ենթադրաբար, նկարահանվել էր լույս 2-ի գիշերը, և որտեղ երևում էր Արցախի սահմանի հատվածում հակառակորդի առաջխաղացումը, մեր զինվորները կապի են սպասում՝ կրակեն, թե ոչ, հնչում էր պատասխան՝ սպասեք, հնչում է նաև զինվորների հայհոյանքները, թե ինչու չեք հրահանգում կրակել, քանի որ հակառակորդը մոտենում է։ Կարո՞ղ է պարզաբանել, թե ինչ տեսանյութ էր դա, հրաման տալու հետ կապված ի՞նչ խնդիր էր եղել։
Սերժ Սարգսյան․ Նախ ասեմ, որ առաջին գծում կրակել, թե չկրակել, որոշում է կոնկրետ ստորաբաժանման պատասխանատուն, և ոչ թե գլխավոր շտաբը, էլ չեմ խոսում՝ գերագույն գլխավոր հրամանատարի մասին։ Բայց չեմ կասկածում, որ այդ հրամանը շատ ճիշտ հրաման էր։ Ի՞նչ է նշանակում՝ չկրակել, նշանակում է՝ հենց այնպես չկրակել, թող հակառակորդը մոտենա, հասնի քո խոցման ամենահարմար տեղին, որպեսզի դու կարողանաս կրակելով ոչնչացնել։ Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա, երբ հրամանատարն ասում է՝ չկրակել, կամ ասում է՝ կրակել, դա հրամանատարի բուն գործառույթն է։ Իմացեք՝ պատերազմի ժամանակ ու ընդհանրապես բանակում ամեն ինչի հիմքը կարգապահությունն է։ Համոզված է, որ հենց այդ դիրքերի շրջանում է, որ հակառակորդը կրել է շատ մեծ կորուստներ, հրամանատարի համբերատարության և նպատակասլացության շնորհիվ, որևէ տարօրինակ բան չկա։
Հարց․ Ապրիլյան պատերազմի ժամանակ, ըստ Ձեզ, ո՞րն էր Թուրքիայի դերակատարությունը, հնարավո՞ր համարում եք, որ այն սանձազերծված լիներ հենց Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով այդ ընթացքում Թուրքիայի և ՌԴ հարաբերությունների լարվածության մակարդակը։
Սերժ Սարգսյան․ Միակ երկիրը Թուրքիան էր, որը չդատապարտեց 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը: Սա նշանակում է, որ արդեն մինչ այդ պահը Թուրքիան անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ էր Ադրբեջանին։ Չեմ բացառում, որ իրենց գործողությունները շատ հստակ համաձայնեցվում էին: Բայց ես դժվարանում եմ ասել՝ արդյոք թուրք մասնագետները կամ թուրք զինվորականները մասնակցել են Ապրիլյան պատերազմի օպերացիայի նախապատրաստմանը: Հաստատված փաստեր ունենք, որ ռազմական գործողությունների ժամակահատվածում Ադրբեջանում էին գտնվում թուրք և իսրայելցի մասնագետներ:
Ես չեմ ուզում հետին թվով հայտարարություններ անել, որոնք հենված չեն փաստական տվյալների վրա։
Հարց․ Դուք նշեցինք, որ պատերազմի վտանգ եք տեսնում հիմա, քանի որ համարում եք՝ բանակցային գործընթացը փակուղում է, դրա արտացոլումն էր, ինչ որ առումով, տավուշյան դեպքերը։ Այդ դեպքում ինչի՞ հետևանք էր Ապրիլյան պատերազմը, այդ ժամանակը ևս բանակցային գործընթացը փակուղո՞ւմ էր։
Սերժ Սարգսյան․ Հստակ ասացի, թե ինչու տեղի ունեցան Ապրիլյան իրադարաձությունները։ Ոչ, հենց այդ ժամանակ բանակցությունները շատ ինտենսիվ փուլում էին, ուղղակի ադրբեջանցիները ցանկանում էին փոխել բանակցությունների ընթացքը, օրակարգը, հասնել հաջողության և բանակցությունները սկսել այն կետից և այն օրակարգով, ինչ իրենց ձեռնտու էր։ Բայց, փառք Աստծո, մենք հաղթեցինք, և նրանք չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը։
Ես չեմ համարում որ բանակցությունները փակուղում են, համանախագահներն են դա համարում։ Ես ուղղակի արձանագրում եմ։
Հարց․ Որքա՞ն դիրքային կորուստ ենք ունեցել Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Դուք որպես նախագահ, արդյո՞ք զրուցել եք Կարեն Կարապետյանի հետ, թե ինչու էր հայտարարել, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։
Սերժ Սարգսյան․ Այո, ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ և նա խոստովանել է, որ դա վրիպում էր։ Վրիպում էր, որովհետև երբ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ գուցե այդպիսի խնդիր է եղել, հետո ստուգմամբ պարզել են, որ այդպիսի խնդիր չի եղել։ Թյուրիմացություն էր։
Ինչ վերաբերում է առաջին հարցին՝ իմ ստույգ թվերը կարող են դիտվել որպես ճնշում հանձնաժողովի վրա։ Նրանք խոստացել են սեպտեմբերին հրապարակել զեկույցը։
Այդ փաստն արձանագրված է պաշտպանության բանակի զեկույցում։ Ուսումնասիրելով ողջ Քառօրյան, տեղում աշխատելով, քարտեզի վրա աշխատելով՝ մարդիկ կազմել են եզրակացություն, որը հայտնի է բոլորին։
Հարց․ Խոսում եք այսօր Ապրիլյան պատերազմում մեր գրանցած հաղթանակի մասին, բայց լրագրողներից մեկը հիշել է, որ 2016թ․ մայիսին օդանավում, որոշ լրատվամիջոցների տված հարցազրույցում, Դուք հաղթանակի մասին չեք խոսում, կարծես թե խուսափել եք հաղթանակ բառն օգտագործել, ասել եք, որ հակառակորդի պլանների ձախողում էր, ճակատի ճեղքում էր, այսօր խոսում եք հաղթանակից։ Այն ժամանակ վստահ չէի՞ք հաղթանակի հարցում, ի՞նչ փոխվեց այս 4 տարիների ընթացքում։
Սերժ Սարգսյան․ Ես ամսի 5-ին էի համոզված, որ մենք հաղթել ենք, բայց իրադրությունը պահանջում էր, որ դա չշեփորահարենք։ Դրա օգուտը շատ ավելի քիչ կլիներ, վնասը՝ ավելի մեծ։ Մեզ անհրաժեշտ էր ստանալ նաև դիվանագիտական առավելություն, մեզ անհրաժեշտ էր ունենալ փաստաթուղթ, բարաթ, որտեղ մեր երկարատև աշխատանքը արձանագրում կունենար, և մենք ունեցանք դա։ Հիմա ձեր կարծիքով՝ ո՞րն էր ավելի կարևոր՝ մենք առաջին օրից խոսեինք մեծ հաղթանակի մասին, դրանով գրգռելով Ադրբեջանի ժողովրդին, նրանց ղեկավարին, որպեսզի նրանք շատ կարծր դիրքորոշում ունենա՞ն բանակցային սեղանի շուրջ։ Իհարկե, միգուցե մեր ներքին լսարանի համար դա օգտակար կլիներ։ Բայց, վստահ եմ, նաև Դուք եք համոզված, որ ես շատ քիչ եմ աշխատել ներքին լսարանի համար, ես ցանկացել եմ իմ երկրի հետ կապված կարևորագույն խնդիրները լուծել։ Դա է ավելի կարևոր, քան վարկանիշը պահպանելու համար ներքին լսարանին հաճոյանալը։ Դա է իմ էությունը, դա է իմ աշխատաոճը։ Ես ուրիշ կերպ չէի կարող անել։
Հարց․ Ինչպե՞ս եք ընդունում այն միտքը, որ անկախ Հայաստանի ղեկավարներից Դուք միակն եք, որի օրոք Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել։
Սերժ Սարգսյան․ Հայաստանը տարածքային կորուստներ չի ունեցել։ Այդ որտե՞ղ է ունեցել։ Ընդհակառակը, Հայաստանի բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանը միայն ունեցել է ձեռքբերումներ, եթե խոսքը վերաբերում է մեր անվտանգությանը, մեր պաշտպանությանը։
Չեմ ուզում, որպեսզի սևեռվենք այն եզակի մարդկանց կարծիքներին, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում, և նրանց նպատակը դրանով իրենց վրա ուշադրություն հրավիրելն է։ Բացարձակապես համաձայն չեմ ձեր ասածի հետ։
Հարց. 2018 թվականից հետո շատ եղել են դեպքեր, երբ վարչապետը օգտագործում էր այս կամ այն հարթակը` ներկայացնելով ԼՂ հակամարտությունը, վերջերս Բի-Բի-Սի-ի «Hard talk»-ին է մասնակցել։ Ինչո՞ւ չեք մասնակցել նման ձևաչափով քննարկումների։
Սերժ Սարգսյան. Ինչ վերաբերում է քննարկումներին, հարցազրույցներին, ձեզ թվում է, թե ես որևէ հարցազրույց չե՞մ տվել։ Եթե դուք նկատի ունեք, որ պետք է Բի-Բի-Սի-ին այդպիսի հարցազրույց տայի, ես կարծում եմ՝ նախ իմ անգլերենը թույլ չի տալիս խոսելու այդ թեմաներով և երկրորդ՝ դրա անհրաժեշտությունը չեմ տեսել։ Երեկվանից տարբեր լրատվական միջոցներ փորձում են ներկայացնել, որ ընդամենը 2 մամուլի ասուլիս եմ ունեցել ողջ ժամանակահատվածում։ Իհարկե, դա իրականությանը չի համապատասխանում, ես ուղիղ 30 տարի գտնվել եմ գրեթե բոլոր իրադարձությունների կենտրոնում, որ տեղի էր ունենում մեր երկրում։ Իհարկե, չեմ չարաշահել խոսելու իմ իրավունքը, բայց երբեք չեմ էլ զրկել բոլոր այն մարդկանց, ում հետաքրքիր էր իմ կարծիքը։
Յուրաքանչյուր ղեկավար ունի աշխատելու իր ձևը։ Միգուցե դա սխալ ձև էր` ավելի շատ աշխատել, քան ներկայացնել աշխատածը։ Բայց պատկերացնում եք՝ ինչ ահռելի ժամանակ պետք էր ծախսել դա ներկայացնելու համար։ Ես գերադասել եմ աշխատել։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու մինչ այս Սերժ Սարգսյանը համապարփակ ու հանրայնորեն չի անդրադարձել Ապրիլյանի թեմայով շահարկումներին
- Սերժ Սարգսյանն ասուլիսը սկսեց Ապրիլյանի բոլոր մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելով
- Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսով հանդես կգա
- Աշոտյանը՝ Փաշինյանին. Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր
- «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 5
- «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 1-4
- «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան