Երկհերթ դասապրոցես, վեցօրյա ռեժիմ, բայց ուսուցիչների աշխատավարձերի ավելացումից ձայն-ձուն չկա
Ինչպես արդեն հայտնել ենք՝ սեպտեմբերի 15-ին կմեկնարկի նոր ուսումնական տարին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ տեղեկացրել է, որ դասապրոցեսն անցկացվելու է որոշակի սահմանափակումներով։
Մանավորապես, նախարարը նշել է, որ ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։
Արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը չի պատրաստվում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը այն դեպքում, երբ նրանք ստիպված են լինելու երկու հերթով և վեցօրյա ռեժիմով աշխատել: Panorama.am-ի հարցին ի պատասխան ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը հայտնեց, որ նախարարությունն ակնկալում է այսօր պարետատնից ստանալ վերջնական ուղեցույցը, որով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները։
Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք ուսուցիչների աշխատավարձերի վերանայման հետ կապված հարցը ևս պարետատնից սպասվող ուղեցույցից է կախված, Օֆելյա Կամավոսյանը պատասխանեց. «Որքանով ես եմ տեղյակ, ժամաքանակ չի ավելանալու։ Բայց առաջարկում եմ սպասել պաշտոնական հաղորդագրությանը»։
Այդ դեպքում էլ, անհասկանալի է՝ ինչպե՞ս ժամաքանակ չի ավելանալու, երբ, օրինակ 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանների հետ ուսուցիչը պետք է երկու դասաժամ անցկացնի՝ տարբեր հերթերում, որպեսզի, ինչպես նախարարն է նշել, մյուսները ծրագրից հետ չմնան... թերևս միակ տարբերակը կմնա մեկ՝ 45 րոպեանոց դասաժամը կրճատել մինչև 22.5 րոպեի։
Նշենք, որ դպրոցները՝ հատկապես հազարից ավելի աշակերտ ունեցողները, ևս անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչպես են կազմակերպելու դասապրոցեսը, երբ ունեն, օրինակ 35 դասասենյակ։ Նրանց համար հարց է նաև՝ ո՞վ պետք է աշակերտներին դիմակով ապահովի այն դեպքում, երբ նրանցից որոշները սոցիալապես անապահով ընտանիքներից են, և անգամ դիմակ գնելը կարող է խնդիր լինել նրանց համար։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ սահմանափակումներ են գործելու դպրոցներում և բուհերում
- Դպրոցներն ու ծնողները անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչպե՞ս և ի՞նչ ցուցումներով պետք է սկսվի դասապրոցեսը