Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները քայլերթով մոտեցան Կառավարության շենքին
«Ամուլսարի ծրագիրը պետք է հսկակ չեղարկվի, չի կարող լինել ՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ։Կառավարությունը պետք է կայացնի որոշում։ Մեր պահանջը հետևյալն է՝ ուժը կորցրած ճանաչել նախորդ իշխանության օրորք տրված ՇՄԱԳ փորձաքննությունը»,- հայտարարեցին Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք քայլերթով Օպերայի շենքի մոտից շարժվեցին դեպի Կառավարության շենք։
Հիշեցնենք, որ առավոտյան ջերմուկցիներն ավտոերթով եկան Երևան ՝ իրենց պահանջները ներկայացրելու պատասխանատու որոշում ընդունողներին: Երևանում Ջերմուկցիներին միացան նաև երևանաբնակները։
Ամուլսարի պահապանները հայտարարել են, որ այսպիսով սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մեծ շղթայի։
Կառավարության շենքի մոտ մասնակիցները կոչեր հնչեցրեցին ՝ «Ամուլսարը սար է, մեր պայքարն արդար է», և այլն։
Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին Կառվարության ներկայացուցչին , որտեղ ներկայացված է իրենց պահանջը։
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները նամակը հանձնելուց հետո շարժվեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության շենքի մոտ, որտեղ էլ հայտարարեցին 15 րոպե լռության ակցիա։