Մահացել է հայտնի դուդուկահար Գեորգի Մինասովը
87 տարեկանում մահացել է հայ անվանի դուդուկահար, դուդուկի նոր տարատեսակների գյուտարար, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասյանը՝ Գեորգի Մինասովը։
«Երբ տարիներ շարունակ քեզ քննադատում էին, Դու անկոտրուն ու համառ աշխատանքով ստեղծում էիր դուդուկների (երկարացված ձայնածավալով ալտ, տենոր, բարիտոն, բաս) մի նոր ընտանիք...
Երբ տարիներ շարունակ ուրիշի աշխատանքը իրենց վերագրելով և գուցե գրագողությամբ գիրք գրելով մարդիկ «պրոֆեսորի» կոչում էին ստանում, Դու միայն սեփական ուժերին ապավինելով ստեղծեցիր դուդուկի 7 ձեռնարկ և կոչման էլ չձգտեցիր....
Երբ տարիներ շարունակ պնդում էին, թե դուդուկը միայն ժողովրդական արվեստ պետք է ներկայացնի, Դու դրա հետ մեկտեղ կատարեցիր և մեզ սովորեցրիր լայն մտածել, նվագել և սովորել արևելքից մինչև արևմուտք, և ինչքան սովորեցինք համաշխարհային դասականը՝ այնքան գնահատեցինք մերը, աշխարհիկը, հոգևորը, միջնադարյան ու աշուղական արվեստը։
Եւ վերջապես երբ ես 15 տարեկան էի եւ իմ մոտ արդեն մտքի սով էր, բախտ ունեցա ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ ու ուսանել քո դասարանում, բախտ ունեցա 20 տարի աշխատել Քո հետ և անընդհատ սովորել, սովորել, սովորել...
Պայծառ մնաս, Վարպետ ջան....»,- ֆեյսբուքյան էջում գրել է երաժիշտ Արտակ Ասատրյանը։
Գեորգի Մինասովի ֆեյսբուքյան էջում տասնյակ ցավակցականներ են, որոնք սկսվում ու ավարտվում են «Վարպետսս» կամ «Մեծ վարպետ» բառերով։
Գեորգի Մինասովը ծնվել է Բաքվում երաժիշտների ընտանիքում։ Սովորել է հայկական և ռուսական դպրոցներում։ Ավարտել է Ասաֆ Զեյնալիի անվան երաժշտական ուսումնարանը։ 7 տարեկանից նվագել է մանդոլին, 16 տարեկանից՝ քամանչա: Նրա առաջին ուսուցիչն էր իր քեռի Աղալար Մինասովը, ով հայտնի դուդուկահար էր։
Զինծառայության ընթացքում եղել է զինվորական նվագախմբի առաջին կլարնետահարը: Զինծառայությունից հետո նվագել է Բաքվի կինոթատրոնում, ապա երգի-պարի անսամբլում, եղել է Ադրբեջանի պետական հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար։ Աշխատել է Ստեփան Շահումյանի անվան պալատում, ապա 1963-1983 թթ. Ստեփան Շահումյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դուդուկ։
1983 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան և աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես դուդուկահար-մենակատար։ 1983 թ. առ այսօր դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, ԱՄԷ-ում և այլուր։
Հեղինակել է դուդուկի երկու ձեռնարկ և մեկ դասագիրք։ Ընդլայնել է դուդուկի կատարողական հնարավորությունները՝ 1992-2001 թթ. ստեղծելով դուդուկի երեք նոր մոդիֆիկացիաներ՝ բաս-դուդուկ, տենոր-դուդուկ և բարիտոն-դուդուկ: 2001 թ. գյուտերն արտոնագրվել են։
1998 թ. հիմնել և ղեկավարել է իր տեսակի մեջ աշխարհում եզակի «Դուդուկներ» համույթը, որը նախ հանդես է եկել որպես քառյակ, ապա՝ հնգյակ։ Համույթի դիրիժորն է նրա դուստրը՝ Տատյանա Մինասյանը։ 2013-ին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա