Դպրոցները գլխատվում են՝ բառիս բուն իմաստով. Սերոբ Խաչատրյան
«Իմ տպավորությամբ, այս նախագիծն ուղղակի գլխատում է դպրոցի ղեկավարությունը և հիմնական հարվածը գնում է որոշ ղեկավար հաստիքների վրա»,-«Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնած տեսակապով քննարկմանը հայտարարեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Վերջինս նման կարծիք հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած և հանրային քննարկման ներկայացրած հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգի վերաբերյալ։
Փորձագետը նկատեց, որ կրթության ոլորտի պատասխանատու գերատեսչության ղեկավարները պնդում են, որ բարձրացվում է դպրոցների ինքնավարությունը: Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ, այն ենթադրում է դպրոցների մենեջմենթի ուժեղացում, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույնությունը կառավարեն, բայց ներկայացվող նախագծով տրամագծորեն հակառակ լուծումներն են առաջարկվել:
Նախագծով դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենը դառնում է ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն, որով նրանց ծանրաբեռնվածությունը մեծացվում է: Կրթության փորձագետը նկատեց, որ դրան զուգահեռ նախագծով նախատեսվում է մինչև 12 դասարան ունեցող դպրոցներում ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրենի համար սահմանել կես դրույք աշխատավարձ:
«Այստեղից ես կարող եմ ենթադրել, որ այդ փոխտնօրենը կարող է առավոտյան 8-ին ներկայանալ աշխատանքի և ժամը 12-ին ավարտել այն»,- եզրակացրեց Խաչատրյանը՝ շեշտելով, որ խոսքը գնում է դպրոցում դասապրոցեսի հիմնական կարգավորողի և ամենածանրաբեռնված անձի մասին:
Փորձագետը հայտարարեց, որ Հայաստանի 1400 դպոցից 1000-ը ունեն 12-ից պակաս դասարաններ՝465 դպրոց ունի մինչև 100 աշակերտ և 516 դպրոց՝ մինչև 300 աշակերտ:
«Ստացվում է, որ Հայաստանի 1000 դպրոց ունենալու է կես դրույքով ուսմասվար, դպրոցներն ըստ էության, գլխատվում են՝ բառիս բուն իմաստով»,- եզրակացրեց Սերոբ Խաչատրյանը:
Այդ դպրոցները չեն ունենալու նաև գրադարանավարներ և գործավարներ, իսկ վերջիններս, ըստ Սերոբ Խաչատրյանի, կատարում են մեծ ծավալի տեխնիկական աշխատանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին