Որպես այդպիսին՝ «Հայաստանը պե՞տք է Ադրբեջանից ներողություն խնդրի» հարցը ի սկզբանե կեղծ հարց է. Գևորգ Ղուկասյան
«Արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանից՝ հայերի կողմից իրականացվող այսպես կոչված ռազմական գործողությունների համար» հարցը, որն արդեն երկրորդ անգամ է հնչում, քաղաքագիտական շրջանակներում բավականին լայն քննարկման առիթ է դարձել։ Քաղաքագետներից ոմանք պնդում են, որ այս և նմանատիպ այլ հարցերով փորձում են հայերի մոտ ադրբեջանցիների նկատմամբ մեղքի զգացում առաջացնել։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հարցն առաջին անգամ հնչել է գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր BBC-ի «HARDTalk» հաղրոդաշարին, իսկ երկրորդ անգամ նույն հարցին երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Վերոնշյալ հարցի, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքների և ազդեցությունենրի մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Գևորգ Ղուկասյանի հետ։
Panorama.am.-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ հետևանք կարող են ունենալ նմանատիպ հարցերը, արդյո՞ք դրանք չեն թուլացնում մեր հաստատակամությունը համազգային գերխնդիրներում։
Գևորգ Ղուկասյան.-Որպես այդպիսին՝ «Հայաստանը պե՞տք է Ադրբեջանից ներողություն խնդրի» հարցը ի սկզբանե կեղծ հարց է։ Այդպիսի հարցի առաջացման որևէ լուրջ շարժառիթ չկա, և այդ հարցի առաջացումը հայկական միջավայրի հետ չի կապված, դա BBC-ի հայտնի հաղորդումից է եկել։ Հետևաբար այդ հարցի արծարծումը, կարծում եմ, ճիշտ չէր։ Տեսականորեն հնարավոր է, որ մի երկիրը մյուսից ներողություն խնդրի, բայց դա այն ժամանակ, երբ նորմալ դիվանագիտական հարաբերություններ են լինում, չկան կնճռոտ հարցեր։ Բայց այս դեպքում Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ հիմք հայկական կողմը չունի։ Ընդհակառակը, Ադրեջանն է, որ և՛ Արցախյան առաջին պատերազմի, և՛ Ապրիլյան քառօրյայի ժամանակ, և՛ հընթացս պատերազմական հանցագործություններ է սանձազերծել։ Հետևաբար, չեմ կարծում, որ վերոնշյալ հարցն ապրելու իրավունք ունի։
Panorama.am.- Նկատենք, որ այս հարցը սկսել է շրջանառվել այն փուլում, երբ մի կողմից շատ է խոսվում կողմերի միջև խաղաղության մասին. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հաճախ խաղաղության կոչով դիմում է ադրբեջանցի կանանց, մյուս կողմից՝ բանակցային գործընթացը կարծես նույն փուլում է։
Գևորգ Ղուկասյան.--Բանակցային գործընթացն ինձ անհանգստացնում է։ ՀՀ իշխանությունները չունեն արտաքին գործիքակազմ ՝ սպասարկելու այն նշաձողը, որ սահմանվել է բանակցային գործընթացի առաջնահերթությունների առումով։ Իսկ արտաքին քաղաքական բարձր նշաձող սահմանելու համար անհրաժեշտ ներքաղաքական համերաշխություն չկա երկրում։ Այս առումով խնդիր կա բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբաության մեջ։ Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ղարաբաղյան հիմնախնդրի առումով որևէ դավադրության մեջ մտնել։ Այլ հարց է, որ միջազգային հանրությունը փորձում է պարտադրել խնդրի լուծում։ Բայց նա էլ, ըստ էության, չունի այդ գործիքակազմը, որ կարողանա պետություններին կոնկրետ որևէ լուծում պարտադրել։
Panorama.am.-Իսկ այս դեպքում արդյո՞ք արդարդացված են խաղաղության կոչերը։
Գևորգ Ղուկասյան.--Հայկական կողմից իրականացվող խաղաղության կոչերը ոչ միանշանակ են ընկալվում և ընդունվում երկրի ներսում։ Մենք գտնվում ենք փաստացի պատերազմի մեջ։ Եվ երբ հարևան երկրից լսում ենք խիստ ագրեսիվ հռետորաբանություն, դրան ի պատասխան մեր կողմի հնչեցվող խաղաղության կոչերը հայկական տիրույթում կարող են տուրք տալ պարտվողական որոշակի զգացողությունների։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության համար երկու կողմերի կոչերից գուցե պարզ դառնա՝ ով է ագրեսորը։
Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա Հայաստանը տարածաշրջանում հայտնի է որպես ոչ կոնֆլիկտոգեն օջախ։ Հայաստանն աշխարհի այն սակավաթիվ պետություններից մեկն է, որ ինքն է խաղաղություն արտահանում։ Ըստ էության, այս տարածաշրջանում խաղաղության հիմնական երաշխավորն, այսպես թե այնպես, մենք ենք։ Հիմնական շեշտադրումը հենց դրա վրա պիտի տանենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն կա միայն ՀՀ ռազմաքաղաքական կամքի շնորհիվ։ Հակառակ դեպքում այս տարածաշրջանը կվերածվի հրոճարակի։ Ուստի պետք է շեշտել, որ մենք տարածաշրջանում խաղաղություն պարտադրող ենք։
Panorama.am.-Արդյո՞ք հայկական կողմից խաղաղության կոչերը և ադրբեջանական կողմից ցանկացած պատեհ-անպատեհ առիթով Հայաստանին տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելը միջազգային հանրության մոտ տարընկալումներ չեն առաջացնի։
Գևորգ Ղուկասյան.-Ադրբեջանը միշտ փորձելու է Հայաստանին մեղադրել ամենաքստմնելի հանցագործությունների մեջ, և այդ ամենն անելու է բացառիկ ցինիկությամբ։
Այդ ձևով իրենք ստեղծում են կեղծ հույզեր։ Բայց Հայաստանն իր կարողականությամբ և սփյուռքի աջակցությամբ ի վիճակի է այդ ամենը չեզոքացնել, ինչպես և անում է։ Միջազգային հանրությունն այնպիսի ամորֆ կառույց չէ, որին Ադրեջանի նման հետադիմական պետությունը կարողանա ցանկացած պահի չեզոքացնել։ Միջազգային հանրությունը գիտի, թե իրականում ինչ է կատարվում։ Ուղղակի նրա իմացածը որևէ արտահայտություն է ստանում կամ չի ստանում, օրինակ, Ադրբեջանի էներգետիկ շրջանում ունեցած բալանսով պայմանավորված։
Զրուցեց՝ Նարե Գևորգյանը
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Սերժ Սարգսյանը ճիշտ պահին խոսել ու լռել գիտի
- Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին՝ 80-ականների զենք, «HARDtalk», ՀՀ այլընտրանքային քայլեր
- Սերժ Սարգսյանն ասուլիսը սկսեց Ապրիլյանի բոլոր մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելով
- Էլիբեգովա. Ալիևը ռիսկ չի անի մասնակցի «HARDtalk»-ին
- BBC- ի Ստեֆան Սակուրը Փաշինյանից հետո «HARDtalk» է հրավիրում Ալիևին
- Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսով հանդես կգա
- Մարուքյանն ափսոսում է BBC HARDtalk-ին տված Փաշինյանի պատասխանի համար