46,7 միլիոն ԱՄՆ դոլար՝ հանուն Լիբանանի պայթյունից տուժած 100,000 երեխայի
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանգանակության կոչ է անում՝ Լիբանանի պայթյունից տուժած երեխաներին աջակցելու նպատակով: Արդեն հաստատվել է մահվան 171 դեպք, այդ թվում՝ երեք երեխա: Վիրավորների թիվը գերազանցում է 6000-ը, որից 1000 երեխաներ են։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Բեյրութում քանդված, վնասված և բնակվելու բավարար պայմաններ չունեցող տներում ավելի քան 100,000 երեխա է ապրում՝ առանց ջրի, սանիտարահիգիենիկ նվազագույն պայմանների: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանգանակության կոչի նպատակը այս երեխաների կարիքներին արձագանքելու համար անհրաժեշտ 46,7 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրումն է: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։
«Պայթյունը Լիբանանում ապրող երեխաներին հավելյալ ցնցման է ենթարկել. նրանք արդեն իսկ զգում էին տնտեսական խորացող ճգնաժամի և ահագնացող համավարակի հետևանքը։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների հետ անմիջապես արձագանքել է այս ճգնաժամին՝ փորձելով փրկել պատվաստանյութերի պաշարները, ջուր հասցնել մարդկանց, մաքրել տարածքը։ Մենք լիահույս ենք, որ մեր դոնորները կաջակցեն, որպեսզի կարողանանք օգնել աղետից տուժած, կյանքը վերստին կառուցելու կարիք ունեցող երեխաներին և ընտանիքներին»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։
Արդեն իսկ փլուզված տնտեսության և կորոնավիրուսի աճող դեպքերի պայմաններում (7,711 դեպք է գրանցվել միայն օգոստոսին), պայթյունը ոչ միայն ողբերգություն է, այլև իսկական աղետ է Լիբանանի տնտեսության համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանգանակության կորն ուղղված է հետևյալ հիմնախնդիրների լուծմանը.
Երեխաների անվտանգություն
Հոգեբանական աջակցություն երեխաներին և նրանց ընտանիքներին, որը կօգնի հաղթահարել տրավման: Տուժած համայնքներում երեխայակենտրոն տարածքների ստեղծում և մասնագիտացված ինտենսիվ աջակցության հիմնում, այդ թվում՝ թեժ գծերի և մասնագետների համար վրանների տեղակայում։ Գենդերային բռնությունից երեխային պաշտպանելու ծառայության ստեղծում:
Հիգիենայի պարագաների մատակարարում
Մեկանգամյա նպաստների տրամադրում ամենախոցելի ընտանիքներին՝ երեխաների տարրական կարիքները հոգալու համար: Որպես կանխարգելիչ միջացառում՝ փայտացման դեմ 10,000 դեղաչափ պատվաստանյութերի մատակարարմանն աջակցություն։
Հիմնական կարևոր ծառայությունների վերստեղծում
Ջրային և սանիտարական համակարգերի վերանորոգում, հաշվի առնելով, որ բազմաթիվ տներում բացակայում է խմելու, անձնական հիգիենային հետևելու համար անհրաժեշտ քանակով ջուր: 160,000 մարդու սպասարկող և առաջնային առողջապահական ծառայություններ տրամադրող 16 կենտրոնների վերանորոգում, անհրաժեշտ իրերի, այդ թվում՝ անհատական պաշտպանիչ պարագաների տրամադրում առաջնագծում աշխատողներին, որոնք նաև բուժում են կորոնավիրոսով վարակվածներին։
Օգնության շարունակականության ապահովում
Արդեն Լիբանան է հասել 3,5 միլիոն պաշտպանիչ դիմակ, 2,6 միլիոն զույգ ձեռնոց, ջերմաչափեր, դիմակ-վահաններ, ակնոցներ, պաշտպանիչ այլ իրեր։ Պայթյունից վնասված պահեստից տարհանվել է սուր և քրոնիկ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների և պատվաստանյութերի գրեթե 80%-ը։
Դպրոցների վերականգնում
Երեխաների համար խիստ հրատապ՝ դպրոցների վերականգնում, որպեսզի այն երեխաները, որոնց տունը վնասվել է, կարողանան շարունակել կրթություն ստանալ իրենց դասասենյակներում կամ կորոնավիրուսի պատճառով ստեղծված հեռակա ուսուցմամբ։
Աջակցություն կամավորներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երիտասարդ կամավորներին, որոնք օգնում են տուժած ընտանքիներին. մաքրում են տարածքը, սնունդ և ջուր են մատակարարում՝ աջակցելով գրեթե 3,500 մարդու։ Կամավորները ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծված՝ երիտասարդների՝ աշխատաշուկային անհրաժեշտ հմտությունները զարգացնող ծրագրերի մասնակիցներն են։
«Այս հանգանակությունների շնորհիվ մենք կկարողանանք նաև ավելի շատ երիտասարդների ներգրավել հմտությունները զարգացնող ծրագրերում: Նրանք դրա կարիքը շատ ունեն: Անգամ արհեստագործական հմտությունների, ինչպիսիք են, օրինակ՝ ատաղձագործությունը, կենցաղսպասարկում կամ շինարարությունը, նրանք կկարողանան մասնակցել իրենց երկրի վերակառուցմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տվյալները օգոստոսի 14-ի դրությամբ են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան