Ո՞րն է Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական համագործակցության գլխավոր խոչընդոտը
Ռազմական արդյունաբերության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության ամենամեծ խոչընդոտը ՆԱՏՕ-ի համակարգերի հետ ռուսական տեխնոլոգիաների անհամատեղելիությունը և դրանց համատեղ օգտագործման թույլտվության բացակայությունն է: Այս կարծիքը «Լենտա ռու»-ի թղթակից Խայալ Մուազզինին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (SAM) խորհրդական Սելչուկ Չոլակօղլուն:
Ըստ Չոլակօղլուի, այն պայմաններում, երբ ռուսական S-400 «Տրյումֆ» զենիթահրթիռային համակարգեր գնելու համար Միացյալ Նահանգները պատժամիջոցներով է սպառնում Թուրքիային, Անկարան դժվար թե մասնակցի Մոսկվայի հետ համատեղ կործանիչների ստեղծման նախագծին, բայց դա կարող է փոխվել, եթե արևմտյան երկրների հետ դիմակայությունը սրվի:
«Եթե Թուրքիան դուրս մղվի ՆԱՏՕ-ի սպառազինության կարևորագույն տեխնոլոգիաներից և ենթարկվի ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ապա նա կարող է ավելի ջերմ դիտարկել այն ռազմարդյունաբերական, պաշտպանական նախագծերը, որոնք կարող են մշակվել Ռուսաստանի հետ», - ասել է փորձագետը:
Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը կատարել է իր ստանձնած պարտավորությունները` նախատեսված ժամկետից շուտ Թուրքիային մատակարարելով S-400 համակարգերը: Պայմանագրի արժեքը կազմել է 2,5 միլիարդ դոլար: