«Հրապարակ». «Գազպրոմ»-ում մեծ կրճատումներ են սպասվում, նաև աշխատավարձերն ու պարգևավճարներն են իջնելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։ Ընկերության լրատվականից հստակեցրին. «Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»: Կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»:
Հիշեցնենք. ներկայացրած հայտում «Գազպրոմն» առաջարկել էր գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն հունիսի 19-ին սահմանեց 266.71 դոլար: Կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի, ադմինիստրատիվ այլ աշխատողներ ևս։
Աշխատակիցները մեզ ասացին, որ նաև աշխատավարձերն ու պարգևավճարներն են իջնելու, ինչն ընկերությունից ևս հաստատեցին. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից... Ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել բոլոր աշխատողների վարձատրության չափը 20%-ով»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում