Եկմալյանի բնակիչ. Այս վիճակը տեսնելով գոնե հետաքրքրվեն՝ որտե՞ղ են ապրում, ի՞նչ վիճակում են
«Ամեն հինգշաբթի գալիս ենք, որ մեր խնդրի մասին բարձրաձայնենք, ցույց տանք մեր վիճակը։ Մարդիկ անելանելի դրության մեջ են։ Պահանջում ենք այս հարցը լուծեն, պատասխան տան, թե երբ կլինի. Մտածում են մեր մասին, թե ոչ»,- լրագրողներին ասաց կառավարության մոտ բողոքող Երևանի Եկմալյան փողոցի շենքերից մեկի բնակիչը։
Նրա խոսքով, հույս ունեն, որ այս կառավարության օրոք մի բան կլուծվի, որովհետև երկար տարիներ անհամբեր սպասել են։
«Խնդրում ենք՝ այս վիճակը տեսնելով գոնե հետաքրքրվեն, թե ո՞վ որտե՞ղ են ապրում, ի՞նչ վիճակում են, հիվա՞նդ են, թե ոչ, ինչ կացության մեջ են։ Մարդիկ վարձը չեն կարողանում տալ, պարտքերի տակ են, գոնե վարձերի փողը փոխահատուցեն, մինչև որ այս հարցը կլուծվի, եթե, իհարկե, լուծելու ցանկություն ունեն կամ հնարավորություն։
Եթե ոչ՝ ինչպե՞ս ապրեն այս մարդիկ, եթե տուն չունեն, հնարավարություն չունեն, ինչպես դեղ գնեն, վարձ մուծեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Եկմալյան փողոցի մի քանի շենքերի բնակիչների բնակարանները շուրջ 15 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել, բազմաբնակարան շենքեր կառուցելու համար, սակայն նրանք մինչ օրս խոստացված որևէ փոխհատուցում, բնակարան չեն ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի մասնակից Եկմալյանի բնակիչներից մեկին շտապ օգնության բժիշկները տարան
- Ակցիա. «Լուծեք Եկմալյան 4-16 բնակարանների հարցը»
- Եկմալյան փողոցի տնազրկված բնակիչները բողոքում են՝ գնդակ են դարձել քաղաքապետի ու վարչապետի միջև
- Եկմալյան փողոցի բնակիչներ. Մատնված ենք անտարբերության