Եղեգնուտում հանրաքվե չի լինի
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամներ Ռազմիկ Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի և Անտոն Խուրշուդյանի հուլիսի 27-ին դիմումով հարուցված վարչական վարույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կարճեց։ ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Դիմումատուները նիստին ներկա չէին։
Տ. Մուկուչյանն ասաց, որ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցումներով պարզել է, որ 2020 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղական հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել:
«ԿԸՀ կարող է ցուցաբերել գործառույթային օժանդակություն միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով նշանակված է տեղական հանրաքվե և տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումն ու տեղական հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցառումների տրամադրումը հավաստող փաստաթղթերը համայնքի ղեկավարը ներկայացրել է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով, և վերջինս իրականացնում է տեղական հանրաքվեն կազմակերպելուն և անցկացնելուն ուղղված աշխատանքներ:
Վերը նշված պայմանների բացակայությամբ ակնհայտ է, որ դիմումատուների պահանջն անիրագործելի է, ինչը դիմումը դարձնում է անթույլատրելի»,- հայտնեց Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմումն անթույլատրել է:
Տ.Մուկուչյանն ասաց, որ հիմնական իրավական հարցադրումը հետևյալն է՝ տեղական հանրաքվեները կազմակերպում և անցկացնում են տարածքային ընտրական հանձնաժողովերը, ԿԸՀ-ն որոշ գործառույթների մասով ունի իրակացման ենթակա գործառույթներ. «Մոտեցումը հետևյալն է, որ միայն պատշաճ, օրենքով սահմանված կարգով հանրաքվե նշանակելուց հետո է, որ հնարավոր կլինի իրականացնել այդ գործառույթները։ Ըստ էության, սա է որոշման նախագիծը»:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպել էին համայնքի ղեղակավար Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ, այդ ժամանակվա Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: Ռազմիկ Մարգարյանին դիմել էր դատարան՝ համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու և իրեն նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։ Եղեգնուտցիները դեմ են, որ համայնքի նախկին ղեկավարը վերադառնա։ Նրանք իրենց դժգոհությունն արտահայտում էին բողոքի ակցիաների միջոցով։ Ավագանին ցանկանում էր հարցի լուծմանը հասնել տեղական հանրաքվեով։
Հարակից հրապարակումներ`
- Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան
- Արմավիրի մարզպետարանն արձագանքել է բողոքող եղեգնուտցիներին
- «Նիկոլի ցույցերին օրումեջ տանում էին մեզ, փակում էին, հիմա ասում են՝ չէ, պետք է հին գյուղապետը գա»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում