Նիկոլ Փաշինյանը չի վստահում համայնքապետերին
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում հայտնեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը դեմ է արտահայտվել ճանապարհային գովազդների գումարները համայնքների բյուջե ուղղելու նախագծին, քանի որ ստացվում է այնպես, որ միջպետական ճանապարհներից գեներացվող գումարները գնում են համայնքների բյուջե, իսկ սպասարկման պատասխանատվությունը մնում է պետության վրա: Վերջինս առաջարկեց ձեռնպահ մնալ այդպիսի կարգավորումից, քանի դեռ չի ընդունվել նաև ճանապարհների սպասարկման պատասխանատվության ապակենտրոնացման կարգավորումը:
Հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նկատեց, որ լիազորությունների ապակենտրոնացումը հաջորդական գործընթաց է և ինչ-որ մի փուլում նաև ճանապարհների սպասարկման պարտականությունը կապակենտրոնացվի:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ ամեն տարի ճանապարհների սպասարկման համար պետությունը հատկացնում է 30-50 մլրդ դրամ, իսկ ճանապարհային գովազդներից ստացվող գումարները կազմում են 10-20 մլն դրամ և այն էականորեն չի նվազեցնում բյուջետային մուտքերը:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ եթե գնում են ապակենտրոնացման, ապա կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի վերահսկման գործընթացից պետք է հանի մարզպետարաններին՝ այն թողնելով համայնքների գործառույթների շրջանակում: Նա հիշեցրեց, որ վերջին կարգավորումներով է գործադիրը մարզպետարաններին ներգրավել համայնքների սուբվենցիոն գործընթացների վերահսկման գործընթացում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ համարեց վերահսկողության այդ մեխանիզմը և նկատեց, որ նոր ստանդարտներով համայնքների ղեկավարների ընտրությունների անցկացումից հետո նոր այդ լիազորությունը կփոխանցվի վերջիններիս, մինչ այդ կա արդյունավետության խնդիր և պետք է արվի նման ծավալի սուբվենցիոն ծրագրերի վերահսկողություն: Վարչապետը հավելեց, որ համայնքների խոշորացումից հետո կանդրադառնան նաև մարզպետարանների լիազորություններին:
Տիգրան Ավինյանն առաջարկեց ընդունել նախագիծը և ՏԿԵ նախարարությանն հանձնարարել, որ ներկայացնի նաև ճանապարհների սպասարկման լիազորությունները համայնքներին փոխանցելու նախագիծ:
Մինչ այդ Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը:
Վերջինս նկատեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի տարածքային համաչափ զարգացման և լիազորությունների ապակենտրոնացման համար: Ըստ նրա, նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
Փաթեթով նախատեսվում է սահմանել համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար ներկայիս ճանապարհային հարկի փոխարեն՝ յուրաքանչյուր ամիս 1 ք/մ համար վճարել տեղական տուրք՝ ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան:
Նախարարը տեղեկացրեց, որ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է այդ սահմանված հարկի 25 %-ի չափով:
«Համապատասխանեցումը բերում է նրան, որ համայնքների տարածքում հարկերի գանձման լիազորությունը տեղափոխվում է համայնքների դաշտ, այն ավագանու լիազորությունների շրջանակում է, և երկրորդ՝ սոցիալական գովազդն ազատվում է հարկերից»,- եզրափակեց նախարարը:
Կառավարությունը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջողազյանի միակ դեմ ձայնով ընդունեց որոշման նախագիծը: