Բադասյան. Դատավորի առաջին հատկանիշը քննադատությունից չխուսափելն է, չվախենալն է
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն պետք է լինի ապաքաղաքական, չունենա քաղաքական համոզմունքներ, կուսակցական, միջկուսակցական պատկանելիություն, լինի պրոֆեսիոնալ, չվախենա քննադատությունից, կարողանա օբյեկտիվ դատական ակտեր կայացնել։ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրումը կոլեգիալ որոշում է եղել, կառավարությունն էր առաջարկել։ Բադասյանը հավելեց, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն իր կողմից էր ներկայացվել կառավարության քննարկմանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Վահրամ Ավետիսյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում։
Նախարարն ասաց, որ ինչպես նախկինում, հիմա էլ քննարկվում է կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի հարցը, դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնեն։
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործերով դատական գործընթացներում խնդիրներ չե՞ք տեսնում, դոփում են տեղում, նա պատասխանեց, որ լինում են դեպքեր, երբ դատական գործընթացների ձգձգումը «օբյեկտիվ հանգամքներով է պայմանավորած»։
«Ես էլ որոշ դեպքերում, կոնկրետ գործի անունը չեմ նշի, տեսնում եմ խուսափողական վարքագիծ կամ քննադատությունից վախենալու դրսևորումներ, ինչն ակնհայտորեն անթույլատրելի է։ Դատավորի առաջին հատկանիշը քննադատությունից չխուսափելն է, չվախենալն է՝ անկախ նրանից, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, անկախ նրանից, թե ում դուրը չի գա այդ որոշումը»,-հայտարարեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Կարծում եմ՝ Վահրամ Ավետիսյանի մոտ արթնացել է արժանապատվության զգացումը
- «Ժողովուրդ». Իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ
- Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը»․ Վահրամ Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին