«Եղեգնուտն իր 80 տոկոս քվեն տվել է «Իմ քայլին», բայց ոչ ոք չի ուզում լսել համայնքի բնակիչներին»
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները կրկին Կառավարության շենքի դիմաց են։ Նրանք եկել են՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնն՝ ընդդեմ նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի վերադարձի։ Համայնքի բնակիչները պնդում են, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շահագրգռված է, որ նախկին համայնքապետը վերադառնա, որպեսզի միասին թալան անեն։
«Ռազմիկ Մարգարյանը 34 տարի թալանել և ոչ մի օգուտ չի տվել գյուղին: Մարզպետը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու ասում է, որ նախկինը պետք է վերադառնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Եղեգնուտի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանը։
Նրա խոսքով, գյուղում 170 մլն դրամի ասֆալտապատում պետք է իրականացվեր, բայց քանի որ գյուղացիները թույլ չեն տվել նախկին համայնքապետին վերադառնալ, ինչը հակասում է մարզպետի նպատակներին ու ցանկություններից, ամեն ինչ արվում է, որ խափանվի այդ ծրագիրը։
«Մենք ունեինք պայմանագիր, որով համայնքի մրցութային գործընթացը պետք է կազմակերպվեր, հունիսի 20-ից արդեն կարող էինք մրցույթ հայտարարել և ասֆալտապատոումը կարող էր սկսվել։ Մինչև օրս մարզպետի շնորհիվ ոչ մի գործ չի կատարվել»,- շեշտեց Աշոտ Խուրշուդյանը։
Նա հավելեց, որ Եղեգնուտն իր 80 տոկոս քվեն տվել է «Իմ քայլին», բայց ոչ ոք չի ուզում լսել համայնքի բնակիչներին։
Այնուամենայնիվ, եղեգնուտցիներն այժմ ցանկանում են հանդիպել վարչապետին, որպեսզի իրենց բարձրացրած խնդրին լուծում տրվի. «Մենք եկել ենք այստեղ ու պետք է մեր խնդիրը բարձրաձայնենք, մեր ձայնը պիտի լսելի լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Եղեգնուտում հանրաքվե չի լինի
- Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան
- Արմավիրի մարզպետարանն արձագանքել է բողոքող եղեգնուտցիներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում