Թուրքիան Լիբանանում նեոօսմանական որոշակի քաղաքականություն է վարում. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ աշխարհաքաղաքական զարգացումների անցումային ներկա ժամանակաշրջանի առանձնահատկություններից մեկն այն է, որ ձևավորվում է նոր թնջուկ՝ Լևանտը, որն հիմնականում ընդգրկում է միջերկրածովյան շրջանը և հարավային Կովկասը:
Նրա խոսքով, Լևանտի լարվածության կետերից է նաև Լիբանանը և Բեյրութի պայթյունն այն տեղափոխեց նոր փուլ: Ռուբեն Սաֆրաստյանը հայտնեց, որ Լիբանանը միշտ եղել է արևմտյան քաղաքականության ուղեծրում, իսկ նոր զարգացումները կպահպանեն և հնարավոր է, որ նաև ուժեղացնեն այն:
Բանախոսը նկատեց, որ Լիբանանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար արտաքին աջակցության կարիք կա և իր այցի ժամանակ Էմանուել Մակրոնը խոստացավ օժանդակել: Նկատելով, որ արևմտյան խոշոր պետությունները պատրաստակամ են օգնելու Լիբանանին՝ Սաֆրաստյանը եզրակացրեց, որ վերջիններս միակարծիք են այդ պետության միասնականության մեջ և ամեն ինչ կանեն, որ այնտեղ քաղաքացիական պատերազմ չբռնկվի: Ակադեմիկոսը կանխատեսեց, որ այդ երկրում կլինի հանդարտ անցում գոյություն ունեցող կոռուպցիոն համակարգից դեպի ժողովրդավարական բաց կառավարման համակարգ:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենը կարևոր համարեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել՝ նաև Արցախում ընդունել Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչներին, բայց համայնքը ցանկանում է իր խնդիրները հաղթահարել տեղում:
Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, Թուրքիան Լիբանանում նեոօսմանական որաշակի քաղաքականություն է վարում՝ ձևավորելով իրեն լոյալ խմբեր, որոնք այն տեսակետն են տարածում, որ Օսմանյան կայսրության պայմաններում Լիբանանում ավելի լավ էր: Բանախոսը գտնում է, որ Լիբանանում ստեղծվում է նոր քաղաքական համակարգ և Թուրքիան այդ ձևով ցանկանում է այնտեղ ունենալ իրեն հավատարիմ ուժը: Սաֆրաստյանը միանշանակ պնդեց, որ այդ ուժերն ուղղվելու են հայ համայնքի ակտիվության դեմ, բայց նաև կարծիք հայտնեց, որ Թուրքիային չի հաջողվի որոշիչ դերակատարություն ունենալ լիբանանյան գործընթացներում, քանի որ այնտեղ չունի համապատասխան ներկայություն:
Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց, որ Թուրքիան ներգրավված է նաև Լևանտի մյուս՝ Սիրիայի, Իրաքի և Լիբիայի հակամարտություններում: